Ամոթալի և անբարոյական է էթնիկ փոքրամասնության օգտագործումն ընտրությունները կեղծելու նպատակով, այսպես է արձագանքել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Մառնեուլիի 69-րդ տեղամասում տեղի ունեցած միջադեպին:
«Ամոթ է, ամոթալի և անբարոյական է էթնիկ փոքրամասնութան օգտագործումն ընտրությունները կեղծելու նպատակով»,- գրել է Սալոմե Զուրաբիշվիլին սոցցանցում։
Ըստ տարածված տեղեկությունների` Վրաստանի Մառնեուլի քաղաքի սակրեբուլոյի «Վրացական երազանք» կուսակցության անդամ Ռովշան Իսկենդերովը (ամենայն հավականությամբ՝ ծագումով ադրբեջանցի է-Խմբ) 69-րդ ընտրատարածքում գտնվող քվեատուփի մեջ բռնի ուժով մի քանի քվեաթերթիկ է լցրել:
Այս փաստը տեսագրել է «Իմ ձայնը» դիտորդական առաքելության դիտորդը, որից հետո ֆիզիկական բռնության է ենթարկվել և վռնդվել ընտրատեղամասից: Տեսագրության կադրերը համացանցում տարածել է նաև Հանրային նախկին պաշտպան Նինո Լոմջարիան, գրում է Ալիք Մեդիա-ն:
Մառնեուլիի 69-րդ ընտրատեղամասը փակվել է:
Նշենք, որ ԿԸՀ նախագահն արձագանքել է Մառնեուլիում քվեաթերթիկների լցոնման կադրերին և կոչ է արել Մառնեուլիի ընտրական հանձնաժողովին պարզել իրավիճակը։
