Սերֆինգիստը կորցրել է ոտքի մի մասը Հավայների Մաուի կղզում ուրբաթ առավոտյան շնաձկան հարձակման պատճառով, տեղեկացրել է NBC News-ն՝ հղում կատարելով տեղի իշխանություններին։
61-ամյա սերֆինգիստը տեղափոխվել է հիվանդանոց ծայրահեղ վիճակում, տեղեկացել է Մաուիի հրշեջ եւ հանրային անվտանգության դեպարտամենտի պետի օգնական Ջեֆ Գիզեան։
Ոստիկանությունը եւ բուժանձնակազմը մեկնել են դեպքի վայր «Ավազե ցցեր» լողափին ուրբաթ, տեղի ժամանակով ժամը 07.05-ին, նշվել է ոստիկանության հայտարարությունում։
Ոստիկանները երկու լարան են դրել արյունը դադարեցնելու համար, ինչից հետո տուժածը տեղափոխվել է հիվանդանոց։ Փրկարարների խոսքով՝ տուժածը զրկվել է ոտքի մի մասից, ծնկից ներքեւ հատվածում։
Գիզեան պատմել է, որ օգնություն ցուցաբերելիս տղամարդը գիտակից վիճակում էր։
Լողափը փակվել է, եւ դրվել են շնաձկների առկայության մասին նախազգուշացնող նշաններ։ Սովորաբար նման դեպքերում լողափը փակում են յուրաքանչյուր կողմում մեկ մղոն տարածքով։
Շնաձկների հարձակումները հազվադեպ են պատահում։ Անցած տարի աշխարհում գրանցվել է 69 չսադրված եւ 22 սադրված դեպք, վկայում են Ֆլորիդայի բնական պատմության թանգարանի տվյալները։ ԱՄՆ-ում 36 դեպքերից ութը տեղի է ունեցել Հավայներում, մեկը՝ մահացու։ Տվյալների շտեմարանի տվյալներով՝ դեպքերի 42 տոկոսը պատահել է սերֆինգիստների հետ։
