Կրկին շահագործվում է «Փակ շուկայի» գետնանցումում տեղադրված վերելակը (ամբարձիչ հարթակ)։ Այս մասին հայտնում են «ՔայլՏեք»-ի «Ֆեյսբուք»-ի էջում։
Նշվում է, որ վերականգնվել են պտուտակները, նորոգվել՝ ազդանշանային տվիչները, որոնց վնասման հետևանքով հարթակը դուրս էր եկել ռելսերից:
Տարածված տեսանյութում Գոհար Նավասարդյանը մանրակրկիտ ներկայացնում է վերելակի օգտագործման կարգը և իր կարծիքը հայտնում դրա հարմարավետության, անվտանգության վերաբերյալ՝ որպես անվասայլակ օգտագործող անձ։
«Տեղեկացնում ենք նաև, որ հարթակի կանչման կարգավորման փոփոխություն է կատարվել. այսուհետ հարթակը կարելի է կանչել միայն այն ժամանակ, երբ այն փակ վիճակում է. սա թույլ կտա խուսափել հարթակի ավելորդ վնասումներից։
Տեղեկատվական ցուցանակը փակցվել է ավելի բարձր հատվածում։ Փակցվել է նաև առավելագույն բարձրության վերաբերյալ տեղեկատվություն հաղորդող նշան (այս մասին ի սկզբանե զգուշացում կար նաև ցուցանակին)։
Վերելակից օգտվելու կարգը մանրակրկիտ ներկայացված է տեղեկատվական ցուցանակների վրա։ Առաջիկայում տարածքում կտեղադրվեն նաև տեսախցիկներ՝ առավել զգոնություն հաղորդելով քաղաքացիներին, որպեսզի խուսափենք վերելակի հաճախակի խափանումներից և վնասումներից։
Վստահեցնում ենք, որ հաշմանդամություն ունեցող մեր քաղաքացիների համար վերելակը լիովին անվտանգ է և կարող է ծառայել իր նպատակին»,- ասվում է գրառման մեջ:
Օրերս Երևանի քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղադրել էր տեսանյութ «Փակ շուկա»-ի հարակից գետնանցումի վերելակը վնասած անձի մասնակցությամբ: Դրանից առաջ էլ քաղաքային իշխանության ներկայացուցիչը հայտնել էր, որ «Փակ շուկա»-ի հարակից գետնանցումում կահավորված վերելակը միտումնավոր վնասել, ռելսերից քաշել հանել են:
