Ուզում ենք դատական համակարգ, որն ի վիճակի լինի ներդնել ստանդարտ, այդ թվում՝ արդարադատության. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արդարադատության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանին:

Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել Գրիգոր Մինասյանին Արդարադատության նախարարի պաշտոնում կատարած աշխատանքի համար, ընդգծել, որ նրա պաշտոնավարման ընթացքում արդարադատության ոլորտում էական և տեսանելի բարեփոխումներ են իրականացվել, այդ թվում՝ խափանման միջոցների նոր ձևերի կիրառումը, թվայնացման ուղղությամբ իրականացված զարգացումները, ենթակառուցվածքների, կառուցվածքային և բովանդակային բարեփոխումները, օրենսդրական բարեփոխումները և այլն:

«Պիտի ընդգծեմ նաև և հատուկ գնահատանքի խոսքեր ասեմ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանազատման գործընթացում Արդարադատության նախարարության կողմից պրոցեսի իրավական ուղեկցման համար»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով, ըստ էության, վերջին տարիներին, մեծամասամբ՝ պարոն Մինասյանի պաշտոնավարման ընթացքում արդարադատության ոլորտի, դատաիրավական համակարգի կողմից Կառավարությունից ունեցած ակնկալիքների մեծ մասը բավարարվել է, որոնք իրենց ծավալներով և ձևով աննախադեպ են եղել:

«Թերևս եկել է ժամանակը, կամ անցել է, գուցե շատերի ընկալմամբ, հանրային ընկալմամբ, որ այդ բոլոր գործողությունները տան արդյունքներ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Այս համատեքստում երկրի ղեկավարը նաև ընդգծել է.

«Ես ինքս էլ ինձ, բնականաբար, հարց եմ տալիս, թե ի՞նչն է պատճառը, որ այսքան փոփոխություններ, ներդրումներ ենք անում, բայց այնուամենայնիվ, այդ զգացումը, ակնկալիքները և ինստիտուցիոնալ վստահությունը բավարար մակարդակի վրա չէ: Պիտի անկեղծ ասեմ, որ դրա պատճառներից մեկը, իմ ընկալմամբ, հետևյալն է. մենք Հայաստանի Հանրապետությունում, իրոք, ուզում ենք ունենալ արդարություն և արդարադատություն, այսինքն՝ ոչ թե ֆորմալ ենք ուզում ունենալ արդարություն, արդարադատություն, այլ իրոք ենք ուզում ունենալ արդարություն և արդարադատություն:Մենք, իրոք ենք ուզում ունենալ դատական անկախ համակարգ, որովհետև մենք երբեք չենք ուզեցել, չենք ուզում և չենք ուզի ունենալ խամաճիկային դատական համակարգ, որովհետև դա հակոտնյա է այն արժեքային համակարգին, որը մերն է, որը որդեգրել ենք և որի ջատագովությամբ նաև ստանձնել ենք Հայաստանի Հանրապետությունում կառավարման պատասխանատվությունը: Մենք չենք ուզում դատական համակարգ, որը լինի գործադիր կամ որևէ իշխանության կամակատար, մենք չենք ուզում ընդհանրապես դատական համակարգ, որը լինի որևէ մեկի կամակատար, այլ ուզում ենք դատական համակարգ, որն ի վիճակի լինի ներդնել ստանդարտ, այդ թվում՝ արդարության և արդարադատության»:

 

Ամբողջական նյութը՝

https://www.armtimes.com/hy/article/299888

Կիսվել սոց․ ցանցերում