Վարչապետը աշխատանքային ժամին զբաղվում է անվտանգային հարցերով. Հակոբյան

«Փաշինյանը ոչ աշխատանքային ժամին է քշում հեծանիվ, աշխատանքային ժամին զբաղվում է և՛ անվտանգային հարցերով, և՛ շատ ու շատ այլ հարցերով»:

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ արձագանքելով լրագրողի այն հարցին, թե Ադրբեջանը զորավարժություն է անում, Փաշինյանը՝ հեծանիվ քշում:

Դիտարկմանը, թե այս իշխանության օրոք եկեղեցիները դարձել են մզկիթ, Հակոբյանը արձագանքեց. «Կիրանցի եկեղեցին մզկի՞թ է»:

Հարցին, թե ԼՂ եկեղեցիները վերածվել են մզկիթների, նա պատասխանեց. «Արցախում տեղի է ունեցել պատերազմ, որի հետևանքով Շուշիի եկեղեցին մնացել է Ադրբեջանին: Իսկ ո՞վ ուներ երաշխիք վերջին 30 տարում, որ Ադրբեջանը չի հարձակվելու»:

Դիտարկմանը, թե երկրի վարչապետը այդ ընթացքում հեծանիվ քշելով է զբաղված, Հակոբյանը ևս մեկ անգամ ասաց. «Հարգելիս, երկրի վարչապետը առավոտյան հեծանիվ է քշում, կեսօրին՝ հանդիպում Մակրոնի հետո, այլ երկրների ղեկավարների հետ, ի՞նչ խնդիր եք տեսնում: Դուք ավելի շատ հետևում եք, թե ինչ է ասում Ադրբեջանի ղեկավարը, ադրբեջանական մամուլն ինչ է գրում, քան, թե մենք ինչ ենք անում: Այն, որ մենք զենք ենք ձեռք բերում, հեչ, բայց որ Ադրբեջանի ղեկավարն ասում է, որ Հայաստանը պետք է որևէ բան անի կամ չանի, դուք դրա մասին եք խոսում»:

 

 

Կիսվել սոց․ ցանցերում