«Հայոց ամրոց»-ից մինչեւ «Ազգի ձայն»

Թվում էր, թե 2018 թվականի իշխանափոխությունից հետո շատ կեղծ օրակարգերի, արժեքների վերաիմաստավորման անհրաժեշտություն կառաջանա, եւ անցած տասնամյակների ընթացքում հանրությանը մոլորեցրած, քաղաքականությունն ապրուստի միջոց դարձրած ֆեյք կուսակցությունները կլուծարվեն, պատմության գիրկը կանցնեն՝ նպաստելով քաղաքական համակարգի առողջացմանը։ Այդ միամիտ հավատով էլ հարցում էինք ուղարկել ՀՀ արդարադատության նախարարություն՝ իմանալու, թե քանի կուսակցություն է այս պահին գրանցված այնտեղ, 2018 թվականից առ այսօր քանի կուսակցություն է լուծարվել, որոնք են դրանք, քանի նոր կուսակցություն է գրանցվել, որոնք են դրանք։
Պատասխանը, սակայն, առավել քան հուսահատեցնող էր։ Եթե նախկինում կուսակցությունների թիվը տատանվում էր 80-100-ի սահմաններում, ապա այսօր պետական գրանցում ստացած կուսակցությունների թիվը հասել է 123-ի։
Անցած վեց տարիների ընթացքում լուծարվել է վեց կուսակցություն՝ «Կանայք հայոց աշխարհի», «Հզոր հայրենիք», Ազգային ժողովրդավարական, «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն», Հայաստանի սոցիալ-դեմոկրատ հնչակյան, «Մեկ Հայաստան» կուսակցությունները։
Փոխարենը 2018 թվականից առ այսօր պետական գրանցում է ստացել 54 կուսակցություն, որոնց անվանումները միայն կարժանանային Երվանդ Օտյանի եւ Հակոբ Պարոնյանի երգիծանքին։
Ուշագրավ է, որ նրանցից շատերը գրանցվել են 2020թ. 44-օրյա պատերազմից հետո, Ազգային ժողովի արտահերթ ընտրություններից առաջ։ Ասել է թե՝ համազգային աղետն էլ ոմանց չի սթափեցրել, եւ կուսակցաշինության տենդով տառապողներն երկրի համար բախտորոշ ժամանակներում էլ քաղաքականությունը վերածել են փեշակի։
Թվարկենք նորելուկ կուսակցություններից մի քանիսի անունները, որպեսզի ընթերցողը պատկերացում կազմի, թե հայ քաղաքական միտքն ինչ է երկնել վերջին տարիներին։
«Մեր տունը Հայաստանն է», «Միավորված հայեր», «Գալիք», Հայ կառուցողական, «Ադեկվադ», «Վերելք», «Իմ հզոր համայնք», «Ազգ-բանակ-հայրենիք», «Զարթոնք», «Ինտելեկտուալ Հայաստան», «Ամբերդ», «Բարոյական արժեքներ», «Հայոց ամրոց», «Իմ պայքար, իմ հայրենիք», «Նոր ուժ», «Արդար խոսք», «Առաջ», «Ուժը հայրենյաց», «Միացյալ Հայաստան». սա, իհարկե, հայ քաղաքական համակարգի ողջ ներկապնակը չէ։
Թե այս եւ նման անվանումներով հանդես եկող նորելուկ կուսակցությունները (դե հների մասին գիտենք) ինչ գաղափարներ ու ծրագրեր են առաջարկում, ովքեր են նրանց անդամներն ու ղեկավարները, ինչ գործունեություն են իրականացնում՝ հայտնի չէ անգամ քաղաքական անցուդարձին մշտապես հետեւողներին։ Ակնհայտ է, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո էլ քաղաքական համակարգը ոչ միայն չառողջացավ, այլ ավելի այլասերվեց, եւ դրա դեմ պայքարել միշտ չէ հնարավոր օրենքի ուժով, քանզի հենց օրենքներն են հնարավորություն տալիս քաղաքական մակաբույծներին ինքնադրսեւորվելու։ Իսկ այլ դեղատոմս էլ հնարավոր չէ առաջարկել, որովհետեւ կուսակցություն բացելը Հայաստանում միշտ է դիտվել ապրուստ հայթայթելու դյուրին միջոց։

Թագուհի Հակոբյան

Կիսվել սոց․ ցանցերում