ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ ասել է, որ ռուսական կողմի համար անընդունելի է ուկրաինական հակամարտությունն առաջնագծում «սառեցնելու» տարբերակը։
«Ռազմական շփման գծի երկայնքով ինչ-որ «սառեցման» տարբերակ, իհարկե, անընդունելի է ռուսական կողմի համար։ Այս պարագայում նախագահ Պուտինի կողմից ձեւակերպված հունիսյան պայմանները լիովին պահպանում են իրենց արդիականությունը։ Սա այն է, ինչ պետք է արվի, որպեսզի դադարեցվեն մարտերը»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով Bloomberg-ի այն հրապարակումը, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բրազիլիայում G20 գագաթնաժողովին առաջարկ է ներկայացնելու՝ սառեցնել Ուկրաինայում հակամարտությունը ճակատային գծի երկայնքով:
Ավելի վաղ «International Affairs» ամսագիրը նյութ էր հրապարակել ուկրաինական հակամարտության մասին։
«Այս պահին Արևմուտքը կարող է շարունակել օգնություն ուղարկել Ուկրաինա՝ մինչ Կիևը փորձում է պահել ճակատը: Միաժամանակ, Արևմուտքը փորձեր է անում Մոսկվայի հետ հնարավոր բանակցությունների համար, սակայն պատրաստ չէ ընդունել ռուսական կողմի պայմանները։ Այն միտքը, որ Ռուսաստանը պատրաստ է սառեցնել հակամարտությունն առանց Արևմուտքի պարտավորությունների, ճիշտ չէ, բայց դրա լիարժեք գիտակցումը դեռևս չի եկել։
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է մեծացնի ռազմական աջակցությունն Ուկրաինային, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության ոլորտում, միությունն այլ ելք չունի»,- ասվում է հրատարակության մեջ։
«Ռուսաստանի խորքերը հեռահար հրթիռներով հարվածելու որոշման հետ կապված իրավիճակի հիմնական վտանգը նրանում է, որ միայն արևմտյան երկրներն են ունակ այդ հարվածներն իրականացնել, այլ ոչ թե Ուկրաինան»,- ասել է Կրեմլի պաշտոնյան՝ հավելելով, թե Ջո Բայդենի գլխավորած ԱՄՆ հեռացող վարչակազմը շարունակում է «բորբոքել» Ուկրաինայում հակամարտությունը։
