Պետական այրերի փոխարեն ՀԿ-ի ղեկավարն է առաջարկում պայքարել ստվերի դեմ․Այս հանգամանալից ու փաստարկված ելույթից մեր հանրությունն այն տպավորությունը կարող է ստանալ, որ պետական այրերն այնքան մտահոգված չեն ժողովրդի բեռը հարկային փոփոխություններով թեթեւացնելով, որքան մի հասարակական կազմակերպության ղեկավար: Իսկ այս կերպ Վահագն Համբարձումյանի վարկանիշն այնքան կբարձրանա գործող իշխանության համեմատ, որ նրան կարող են առաջադրել երկրի ապագա ղեկավար: Այստեղ է, որ ներկա իշխանություններն ու ապագա իշխանության հավակնորդները մտածելու լուրջ բան ունեն

Նոյեմբերի 19-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր խորհրդարանական լսումներ, որոնց ժամանակ քննարկվում էր <Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին>, < 2024թ. հունիսի 12-ի ՀՕ-285-Ն օրենքում լրացումներ կատարելու մասին> օրենքների նախագծերի փաթեթը: Խոսքը վերաբերում է մասնագիտական ծառայությունների ոլորտը շրջանառության հարկի ռեժիմից ընդհանուր հարկման համակարգ տեղափոխելու նախաձեռնությանը:
ՀՀ օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչները, հաշվի առնելով ներկայացված նախագծի կարեւորությունը, արծարծված հարցերի, մտահոգությունների եւ խնդիրների լրացուցիչ քննարկման անհրաժեշտությունը, խոստացան ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում եւ ՀՀ ֆինանսների նախարարությունում կազմակերպել առանձին աշխատանքային քննարկումներ:
Լսումների ժամանակ ուշագրավ էր Հայաստանի <Գործատուների հանրապետական միություն> ՀԿ-ի հիմնադիր տնօրեն Վահագն Համբարձումյանի ելույթը, որում նա բարձրաձայնեց, թե ինչ խնդիրներ է ստեղծելու մասնագիտական ծառայությունների ոլորտը շրջանառության հարկի ռեժիմից ընդհանուր հարկման համակարգ տեղափոխելու նախաձեռնությունը: Վահագն Համբարձումյանը նշեց, թե որքան մասնագիտական ծառայություններ կան, որոնք աշխատում են ստվերում, օրինակ` հաշվապահների 70 տոկոսը: Իր ելույթում նա առաջարկում էր ստվերի դեմ պայքարել, բերել հարկման դաշտ, հաշվապահներին հատ-հատ հաշվառել: Հետո ասաց նաեւ, որ այդ օրենսդրական նախաձեռնությունը կյանքի կոչվելու դեպքում անհամաձայնություններ են լինելու վարչարարություն իրականացնող մարմինների հետ:
Այս հանգամանալից ու փաստարկված ելույթից մեր հանրությունն այն տպավորությունը կարող է ստանալ, որ պետական այրերն այնքան մտահոգված չեն ժողովրդի բեռը հարկային փոփոխություններով թեթեւացնելով, որքան մի հասարակական կազմակերպության ղեկավար: Իսկ այս կերպ Վահագն Համբարձումյանի վարկանիշն այնքան կբարձրանա գործող իշխանության համեմատ, որ նրան կարող են առաջադրել երկրի ապագա ղեկավար: Այստեղ է, որ ներկա իշխանություններն ու ապագա իշխանության հավակնորդները մտածելու լուրջ բան ունեն:

Կիսվել սոց․ ցանցերում