Լեհաստանը վստահելի գործընկեր է Հայաստանի համար. ՀՀ նախագահը՝ Անջեյ Դուդային (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Երևանում տեղի ունեցած հանդիպումների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարություններով:

Հայաստանը բարձր է գնահատում Հայաստան-Լեհաստան քաղաքական երկխոսության ներկա բարձր մակարդակը: Լեհաստանը՝ որպես ԵՄ խորհրդի գալիք նախագահող, Արևելյան գործընկերության ճարտարապետ, այսօր էլ կարևոր և վստահելի գործընկեր է Հայաստանի համար ինչպես երկկողմ այնպես էլ բազմակողմ հարթակներում, մասնավորապես Հայաստան-Եվրոպական Միություն գործընկերության համատեքստում:

Քաղաքական երկխոսության կարևոր բաղադրիչներից է խորհրդարանական դիվանագիտությունը, և գոհացուցիչ է այսօր մեր պետությունների օրենսդիր մարմինների միջև առկա ակտիվ փոխգործակցությունը:

Չնայած ակտիվ քաղաքական երկխոսությանը և անշեղորեն զարգացող միջպետական հարաբերություններին՝ դեռևս առկա է չօգտագործված մեծ ներուժ: Այս առումով կարծում եմ, որ տնտեսական հարցերով հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովների պարբերական հանդիպումները կարևոր գործիք են համագործակցության նոր ոլորտների թիրախավորման, ինչպես նաև արդեն իսկ ընթացիկ ոլորտներում նոր ծրագրերի նախանշման տեսանկյունից:

Քննարկեցինք նաև գիտության և մշակույթի բնագավառներում համագործակցության ընդլայնման կարևորությունը:

Կիսվել սոց․ ցանցերում