Գեղամ Նազարյանը «շակալների» մեջ է, պետք է դուրս գա «Հայաստան» դաշինքից, դառնա անկախ պատգամավոր. Մկրտչյան

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հայտնել է, որ պատգամավոր Գեղամ Նազարյանի վերջին հայտարարությունը, թե Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգ չկա, իր անձնական ընկալումներն են, որը չի արտահայտում «Հայաստան» խմբակցության տեսակետը։

Խամոյանը նաև տեղեկացրել է, որ խմբակցությունում քննարկվելու է Նազարյանի հետագա գործունեության հարցը:

Քաղաքագետ Հարություն Մկրտչյանը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով ընդդիմության ներսում «ընկած կռվին», նկատում է՝ Նազարյանը վաղուց է թիրախավորվել, դեռևս Կիրանցից, երբ ուներ բավականին ողջախոհ դիրքորոշում:

«Նազարյանն ինձ համար միշտ է առանձնացել իր ադեկվատ կեցվածքով՝ թե՛ լեքսիկոնով (բառաֆոնդով), թե՛ պահվածքով, թե՛ նաև հանգամանքով, որ ինքը զոհված զինծառայողի ծնող է: Ես Նազարյանին միշտ ամենայն հարգանքով եմ վերաբերվել»,- ասում է քաղաքագետը:

Նկատենք, որ Գեղամ Նազարյանի շուրջ ընդդիմադիր շրջանակները աղմուկ են բարձրացրել այն բանից հետո, երբ նա ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության հետ գնացել էր Վիետնամ և նրա ու իշխող խմբակցության պատգամավորների հետ լուսանկարվել:

Մկրտչյանը կարծում է, որ եթե ուզում են Նազարյանին իշխանական պատգամավորի հետ նկարվելու կամ գործուղման գնալու համար դուրս հանել թիմից, դա կառուցողական մոտեցում չէ. «Բայց ես ձեզ մի քանի վիդեո կարող եմ ուղարկել, որտեղ Ագնեսա Խամոյանը Հովիկ Աղազարյանի ձեռքից ջուր է խմում: Է՜, հետո՞, լուրջ չէ էս թատրոնը, որին մնացել է տարիուկես, ու չեմ ուզում հայտարարություններով ու մեկնաբանություններով ուժեղացնել Քոչարյանի՝ դիակի վերածված խմբակցությանն ու դրա անդամներին»:

Անդրադառնալով Խամոյանի հայտարարության այն հատվածին, թե վարչապետի հրաժարականի հարցը շարունակում է մնալ իրենց օրակարգում՝ Մկրտչյանն ասում է՝ Խամոյանը, Ռոբերտ Քոչարյանի հոգեզավակը լինելով, ստում է քոչարյանական ոճով:

«ՀՀ այն քաղաքացիները, ովքեր քվե են տվել այս ընդդիմությանը, որ պիտի գան խորհրդարան ու Փաշինյանի հեռացումն իրականացնեն, տապալել են օրակարգը փաստացի: Տապալել են, ուրեմն խորհրդարանում շարունակում են մնալ հանուն ինչի՞. 200 հազարից ավել ընտրող, որ ձայն է տվել Ռոբերտ Քոչարյան քաղաքական դիակին, ի վերջո պետք է 2026-ին ինքն իրեն հարց տա՝ լավ, ես ձայն տվեցի Ռոբերտ Քոչարյան քաղաքական դիակին, դարձրի քաղաքական գործոն, որպեսզի հեռացնի Նիկոլ Փաշինյանին, ի վերջո՝ հեռացրե՞ց թե՞ ոչ, իհարկե՝ ոչ: Ի՞նչ արեց հեռացնելու համար՝ բացի հանրապետության փողոցներով թափառելը, առանձին դեպքերում ինչ-որ խմբեր, խմբավորումներ ձևավորելը, ոստիկաններին թիրախավորելը, ժողովրդին թիրախավորելը՝ ժեխեր և ոչ ժեխերի առանձնացնելը, ի՞նչ արեցին, ոչինչ»,- հարց է հնչեցնում զրուցակիցը:

Վերջինս առաջարկ է անում Գեղամ Նազարյանին. «Որևէ դեպքում ականջալուր չլինել քոչարյանական զանգվածի հարձակումներին, տեղի չտալ և ուղղակի դուրս գալ «Հայաստան» խմբակցությունից և Ազգային ժողովում ներկայանալ իբրև անկախ պատգամավոր»:

Նրա խոսքով՝ եթե մարդը թիրախավորվում է այդ գործողությունների համար, կարող ենք արձանագրել, որ ադեկվատ դիրքորոշում ունի Նազարյանը. «Համենայն դեպս քննադատության մեջ փորձում է լինել մաքսիմալ օբյեկտիվ, ինչի համար էլ պետք է այս մարդուն առանձնացնել այդ խմբակից: Գեղամ Նազարյանը ուղղակի ճիշտ վայրում և ճիշտ մարդկանց մեջ չի հայտնվել, «շակալների» մեջ է, ու նորմալ է, որ այս վերաբերմունքը պետք է լիներ: Կրկնում եմ՝ դեռևս Կիրանցից իր հանդեպ կար ինչ-որ առանձնահատուկ վերաբերմունք «Հայաստան» դաշինքում, ու դա նկատելի էր»:

Կիսվել սոց․ ցանցերում