ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԱՆՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ ԵՆ՝ ԻՆՉՊԵՍ ԵՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՑՈՒՐՏ ՁՄԵՌԸ

Եւրոպայում անհանգստացած են։ Մասնագետները կանխատեսում են, որ առաջիկայում լինելու է ուկրաինական հակամարտության մեկնարկից ի վեր ամենացուրտ ձմեռը։ Դա, ըստ լրատվամիջոցների հրապարակումների, բերելու է էներգակիրների գնաճի, քանի որ եւրոպական մայրցամաքում եղած գազի պահեստավորված քանակությունն ավելի արագ է սպառվելու, քան սովորաբար էր սպառվում։ Օդերեւութաբանները նշում են, որ նոյեմբերի վերջից մինչեւ հաջորդ տարվա մարտ ամիսն ընկած ժամանակահատվածի համար օդի ջերմաստիճանը լինելու է վերջին երկու տարվա համանման ցուցանիշից երկու աստիճանով ցածր։ Բնականաբար, նաեւ ավելանալու է ջեռուցման պահանջարկը, ինչն իր հերթին բերելու է արդեն էներգակիրների պահանջարկի աճի։

Եթե հունվարի 1-ից հետո Ուկրաինայի տարածքով դեպի Եւրոպա գազի տարանցիկ մատակարարում չլինի, ապա գազի եւ էլեկտրականության գները կարող են զգալիորեն բարձրանալ, նշում են տնտեսագետները։ Շատ տնտեսագետներ արդեն այժմվանից մտահոգվում են, թե առաջիկա տարվա տաք սեզոնին ինչպես են եւրոպական երկրները կարողանալու լցնել իրենց գազապահեստարանները։ Որոշ փորձագետներ էլ հույս ունեն, որ ձմեռը չի լինի այդքան խստաշունչ ու ցուրտ որքան կանխատեսվում է հիմա եւ հնարավոր կլինի ունեցած պահեստավորված գազի պաշարներով հաղթահարել տարվա ցուրտ սեզոնը։

 

Կիսվել սոց․ ցանցերում