Արձակագիր, լրագրող Աշոտ Աղաբաբյանի «Նմանակը» գրքի շնորհանդեսին երեկ մասնակցում էին նաեւ վեպի գլխավոր հերոսի՝ Սմբատ Խոջոյանի դուստրը՝ Միրա Խոջոյանը եւ թոռնուհին՝ Տարտուի կիրակնօրյա հայկական դպրոցի տնօրեն Ջաննա Շահբազյանը ։ Նրանք Հայաստան էին ժամանել Էստոնայից, որտեղ ապրում են երկար տարիներ։
Միրա Խոջոյանը Երեւանի պետական համալսարանն է ավարտել 1964 թվականին, աշխատել է հանրակրթական դպրոցներում, դասավանդել ռուսաց լեզու։
«Երբ դուստրս ընդունվեց Տարտուի համալսարան, ընտանիքով տեղափոխվեցինք Էստոնիա։ Այնտեղ արդեն էստոնական դպրոցում էի աշխատում, դասավանդել եմ ռուսաց լեզու, էսպերանտո, հոդվածներ եմ գրել թերթերում Հայաստանի մասին»,- lragrogh.com-ի հետ զրույցում պատմեց Միրա Խոջոյանը։
Տիկին Միրան հիշում է, որ վերջին անգամ Հայաստանում եղել է 2017 թվականին, իր գիրքն է հրապարակել՝ «Կորսված աշխարհ»-ը, որում պատմում է իր հոր մասին, իրենց ընտանիքի մասին։ Չնայած նա նկարչական կրթություն չի ստացել, սակայն տիկին Միրան զբաղվում է նաեւ նկարչությամբ։
«Երբ հայրս ողջ էր, մեր բոլոր բարեկամները գալիս էին մեր տուն, եւ հայրս բոլորին օգնում էր, տղաներին ուղարկում էր Լենինգրադ՝ սովորելու»,- ասաց նա։
Մեր դիտարկմանը, թե ինչպես է հաջողվել Էստոնիային դառնալ զարգացած երկիր՝ ի տարբերություն Հայաստանի, Միրա Խոջոյանն արձագանքեց. «Էստոնացիները փոքր ազգ են, իրենք իրենց համար են ապրում, վատ են վերաբերվում ռուսներին, հայերին լավ են վերաբերվում։ Իրենք ամեն ինչ անում են, որ զարգանան, ոչ թե հայերի նման, որոնք ուրիշ ազգերին մեծարում են, բայց չեն գնահատվում։ Ես հարգում եմ էստոնացիներին»։
Հետաքրքրվեցինք, թե չի՞ ցանկացել վերադառնալ եւ ապրել Հայաստանում։
Միրա Խոջոյանը մի ուշագրավ դրվագ պատմեց իր կյանքից. «Երբ մայրս մահացավ 1983 թվականին, մեկ տարի անց էլ հայրս մահացավ, իրենց տունը մնաց։ Իմ երեխաներն իրենց հետ էին ապրում, հայրս ուզում էր իմ երեխաներին գրանցել այդ տանը։ Սակայն խանգարեցին, ոչինչ չարեցին, չթողեցին, խլեցին այդ բնակարանը։ Այդ տարիներին քաղսովետում ո՞վ էր ղեկավարում, ազգանունը Մարկոսյան էր։ Այդ տարիներին ամեն ինչ անում էին, որ բնիկ հայերը գնան Հայաստանից։ Ադրբեջանից եկած հայերը, Ղարաբաղից եկած հայերն այստեղ բարձր պաշտոններ էին ստանում դեռ այն տարիներին, իրենց անգրագետ բարեկամներին բերեցին, ճնշում էին բնիկ հայերին։ Այդ ամենն անտանելի էր, բնակարանն էլ իրենց հերթին խլեցին մեր ձեռքից։ Եվ հիմա, երբ գալիս ենք Հայաստան, վարձով ենք ապրում։ Մինչդեռ մի ողջ կյանք մենք ապրել ենք մեր հայրիկի բնակարանում։ Թոռներս էլ են շատ ցանկանում գալ Հայաստան, թոռնուհիս Երեւանում է կոնսերվատորիան ավարտել, բայց բնակարան չունենք»։
Ինչ վերաբերում է արցախյան վերջին պատերազմին, ապա տիկին Միրան ասաց. «Ես պարբերաբար հետեւել եմ, գրել եմ հոդվածներ, դա սարսափելի էր։ Այն, ինչ արեցին մեր 17-18 տարեկան տղաների հետ, հնարավոր չէ մոռանալ։ Ադրբեջանը պետք է պատժվի, դա չպետք է լիներ։ Եթե նման բան լիներ էստոնացիների հետ, իրենք վրեժ կլուծեին, ամեն ինչ կանեին իրենց ազգին պաշտպանելու համար»։
Թագուհի Հակոբյան
