Շնորհակալ եմ բոլոր ժամանակներում իմ նկատմամբ ցուցաբերված բարձր վստահության համար. Քյարամյանը՝ վարչապետին

ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ բոլոր ժամանակներում իր նկատմամբ ցուցաբերած բարձր վստահության համար:

«Ես շատ շնորհակալ եմ դրա համար և շնորհակալ եմ, որ ինձ հնարավորություն եք ընձեռել ծառայելու հայրենիքիս: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև Քննչական կոմիտեի իմ շատ սիրելի գործընկերներին՝ այս ընթացքում համատեղ ծառայություն իրականացնելու, և բարդ իրավիճակներում իմ կողքին լինելու և իմ հետ համատեղ ծառայություն մատուցելու, իրականացնելու համար: Շնորհակալ եմ յուրաքանչյուրիցդ»,- ելույթի իր խոսքում ասել է Քյարամյանը՝ վարչապետի կողմից նորանշանակ նախագահ Արթուր Պողոսյանին աշխատակազմին ներկայացնելու ժամանակ:

Արգիշտի Քյարամյանը շնորհավորել է նաև Արթուր Պողոսյանին նշանակման առիթով:

«Իրականում ես պետք է անկեղծ լինեմ, շատ ուրախացա, երբ իմացա, որ պարոն Պողոսյանն է ղեկավարելու Քննչական կոմիտեն: Այդ տեսանկյունից ՔԿ-ն հուսալի ձեռքերում է, և ես վստահ եմ, որ բոլոր համակարգային մոտեցումները, որոնք մենք միասին որդեգրել ենք, շարունակականություն կունենա: Պարոն Պողոսյան, շնորհավորելով Ձեզ, ցանկանում եմ ամենայն լավն ու բարին: Աստծո օգնականությունը թող անպակաս լինի ձեզնից»,- ասել է Քյարամյանը:

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 29-ին ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի անդամներին և աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահ Արթուր Պողոսյանին:

Արգիշտի Քյարամյանը պաշտոնից հրաժարականի մասին հայտարարել էր նոյեմբերի 18-ին:

 

Կիսվել սոց․ ցանցերում