ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ վերջին շրջանում պատգամավոր Գեղամ Նազարյանի դիրքորոշումները տարբերվում են խմբակցության քաղաքական ուղեգծից ու առաջնահերթություններից։
Այս իրավիճակում, ըստ նրա, Նազարյանի հետագա գործունեությունը խմբակցության կազմում դառնում է անհնար:
Գրառման մեջ նաև ասված է.
«Խմբակցության նիստում տեղի ունեցած քննարկման արդյունքում պատգամավորին առաջարկել ենք դուրս գալ խմբակցությունից, վերջինիս որոշմանը թողնելով որպես անկախ պատգամավոր գործելու ընտրությունը։ Նա համաձայնել է»։
Նկատենք, որ Գեղամ Նազարյանի շուրջ ընդդիմադիր շրջանակները աղմուկ են բարձրացրել այն բանից հետո, երբ նա ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության հետ գնացել էր Վիետնամ և նրա ու իշխող խմբակցության պատգամավորների հետ լուսանկար հրապարակել:
Անդրադառնալով այս քննադատություններին՝ Ալեն Սիմոնյանը գրել էր. «Պարզվում է՝ մեր ընդդիմությունը օրակարգի փնտրտուքի մեջ իր համար թիրախ գտավ իր իսկ խմբակցության անդամին՝ պատգամավոր Գեղամ Նազարյանին, և պատգամավոր Նազարյանի «մեղքն» այն է, որ նա ինձ հետ Վիետնամ է եկել հերիք չէ, նաև լուսանկարվել է ինձ հետ»:
