Չինաստանի արտգործնախարարությունը հերքել է չինական լաբորատորիայից կորոնավիրուսի արտահոսքի մասին ԱՄՆ կոնգրեսի զեկույցը՝ հայտարարելով, որ Վաշինգտոնը պետք է համաշխարհային հանրությանը պատմի ամբողջ աշխարհում գործող ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների մասին։
«Միացյալ Նահանգները պետք է արագ արձագանքի միջազգային հանրության ողջամիտ մտահոգություններին, ակտիվորեն կիսի տվյալներ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ երկրում ենթադրյալ հիվանդությունների դեպքերի մասին, բացահայտ խոսի Ֆորտ Դետրիկի և ամբողջ աշխարհում իր կենսաբանական լաբորատորիաների մասին»,- ասել է Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։
Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը նաև կոչ է արել Միացյալ Նահանգներին չքաղաքականացնել կորոնավիրուսի ծագման հարցը և այլևս այլ երկրներին չարատավորել՝ հիշեցնելով, որ Ուհան այցելելուց հետո ԱՀԿ-ի փորձագետները «չափազանց անհավանական» են որակել կորոնավիրուսի լաբորատոր ծագման տեսությունը:
Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը դաշնային և նահանգային մակարդակներում կորոնավիրուսի համավարակին արձագանքելու միջոցառումների մասին զեկույց էր ներկայացրել, որում նշվում էր, որ կորոնավիրուսն, ամենայն հավանականությամբ, առաջացել է Չինաստանի Ուհանի լաբորատորիայում։
