Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Ալբերտ Ազարյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում սեպտեմբերի 8-ին՝ ժամը 17:00-ից:
Վերջին հրաժեշտը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-13:00-ը, Կոնդի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցում, ժամը 13:00-13:30-ը՝ Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում (հասցե՝ Մոսկովյան 3):
Ալբերտ Ազարյանի աճյունը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում. հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին:
Սեպտեմբերի 5-ին հայտնի դարձավ, որ 94 տարեկան հասակում մահացել է Օղակների արքան՝ լեգենդար մարզիկ, օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի, Եվրոպայի կրկնակի ու ԽՍՀՄ 11-ակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը:
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հայ մեծանուն մարմնամարզիկ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, «Oղակների արքա» Ալբերտ Ազարյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ:
Հանձնաժողովի կազմում ընդգրկված է նաև նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
