«ՀԱՊԿ-ը չպետք է մտներ ղարաբաղյան հակամարտության մեջ, քանի որ դրա ընթացքում Հայաստանը արտաքին ագրեսիայի չի ենթարկվել»։
Օրերս այս մասին հայտարարեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովում Կառավարության հետ վերջին հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով Պուտինի հայտարարություններին, ևս մեկ անգամ ընդգծեց՝ ստեղծված իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հետ ընդհանրապես կապ չունի, և որ Հայաստանի նկատմամբ եղել են տարածքային ոտնձգություններ՝ ագրեսիա 2021-2022 թվականներին:
Քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է՝ Պուտինի հայտարարությունում խիստ հակասություններ կան:
«Առաջինը՝ ՀՀ-ն չէր կարող ճանաչել ԼՂ-ն Հայաստանի մաս, կամ անկախ, որովհետև ՀՀ-ն Մինսկի խմբի բանակցություններին էր մասնակցում, և այդ քայլը կնշանակեր պատերազմ հայտարարել Ադրբեջանին և դուրս գալ Մինսկի խմբի բանակցություններից: Երկրորդը՝ փաստորեն նա այս հայտարարությամբ մեղադրում է ՀՀ նախկին իշխանություններին՝ Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած, որ իրենք ԼՂ-ն չեն ճանաչել Հայաստանի մաս, որի հնարավորությունը ունեցել են»,- ասում է նա:
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ անդամ տարբեր երկրների պաշտոնյանների, այդ թվում՝ Վլադիմիր Պուտինի այն հայտարարություններին, թե Հայաստանը դեռ դուրս չի եկել կառույցից, և որ հավանական է մի օր վերադառնա բնականոն ձևաչափով աշխատանքի, զրուցակիցը դրանք որակում է ցինիզմ:
Ըստ քաղաքագետի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև հարաբերությունները հատել են անդառնալիության կետը, առաջին հերթին ազդակ է Արևմուտքին:
Առավել մանրամասն՝ ռեպորտաժում:
