Կողմերի միջեւ սակարկելու ընդունակություններու տեսակետե հարաբերակցությունը հիմնովին փոխված է

 

Պոլսի  «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը ժամանակ առ ժամանակ այցելելով Հայաստան`  իր տեսակետներն է ներկայացրել հայ-թուրքական հարաբերությունների մասին, պատմել ու ներկայացրել, թե Թուրքիայում հայկական ինքության պահպանման ինչ խնդիրներ կան:

Հայաստանի անկախությունից ի վեր բոլոր իշխանությունների առջեւ ծառացել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիրը:

44-օրյա պատերազմը շատ բան փոխեց եւ ստիպեց վերանայել հարեւանների հետ հարաբերությունների կարգավորման հարցը: Եթե ազատական հայացքներ ունեցողները, որոնք կողմ են եղել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը` հասկանալով, որ առանց դրանց տարածաշրջանում մենք զարգացման երաշխիքներ չունենք, ապա ազգայնականները շարունակում են կասկածանքով վերաբերվել դրան:

«Երեսուն տարվա սպասողական իրավիճակ է, ինչը նշանակում է անորոշություն: Հայ-թուրքական  հարաբերությունների մեջ անորոշությունը շարունակվում է: Բնականաբար, պետք է հաշվի առնվի, որ արմատական, բեկումնային պահ է 44-օրյա պատերազմը, որովհետեւ կողմերի միջեւ սակարկելու ընդունակություններու տեսակետե հարաբերակցությունը հիմնովին փոխված է: Դրանով հանդերձ անորոշությունը շարունակվում է: Տեսնենք, թե իրադարձություններն ինչպես կընթանան, այնպիսի փուլի հասած ենք, որ միջազգային իրադրությունը չափազանց լպրծուն գետնին վրա է ձեւավորվում, եւ յուրաքանչյուր կողմի համար դժվար է լինում թե’ սեփական, թե’ դիմացինի շահերը պատկերացնելը: Իրադրությունը, որ հաճախակիորեն  փոխվում է, այդ իրադրության փոփոխությամբ պայմանավորված, շահերն էլ են հարափոփոխ, տարբերվում են, եւ այդ իրավիճակի մեջ մի ընդհանուր հայտարար գտնելը լինում է դժվար, առանց այդ էլ հայ-թուրքական հարաբերությունների մեջ այն բավական դժվար է»,- lragrogh.com-ի հետ զրույցում նշեց Արա Գոչունյանը:

Հետաքրքրվեցինք, թե պոլսահայ գրողներին, օրինակ` Հակոբ Մնձուրուն, Զահրատին, ներկայացնելու, նրանց գրքերը տպագրելու հարցում ինչ դեր է խաղում պոլսահայ մամուլը:

«Լրատվամիջոցի հնարավորության սահմաններում մարդիկ փորձում են մշակութային ինքնության, լեզվի խնդիրների  կտրվածքով ողջ ժառանգությունը արծարծված պահել, բայց Պոլսում հայկական լրատվամիջոցները շատ լուրջ իրադրություն են դիմագրավում, շատ սակավ մարդուժով են աշխատում: Եվ այդ մարդուժը  հազար ափսոս, որ հայերենե տեսակետե լեզվի  լուրջ խնդիր ունի: Եվ այս բոլորը այդ մեծանուն հեղինակներեն արծարծված պահելու, թարմ պահելու տեսակետե կարողանում է անել այն, ինչը  հասցնում է միայն»,- մեզ հետ զրույցում նշեց Արա Գոչունյանը:

Թագուհի Հակոբյան

Կիսվել սոց․ ցանցերում