Սիրիայում ստեղծված անվտանգային իրավիճակով պայմանավորված՝ Դամասկոսում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմն իր աշխատանքները ժամանակավորապես կշարունակի Բեյրութից, հայտարարել է Հայաստանի ԱԳՆ-ն
«Անցած շաբաթ Դամասկոսում դեսպանությունում թեժ գծի հայտարարումից հետո դեսպանությունը պատասխանել է ստացված զանգերին, որոնք վերաբերել են ՀՀ մուտքի արտոնագրերի, անձնագրերի ստացմանը, տարհանման հնարավորությանը։ Վերջինիս անվտանգ հնարավորությունն այս պահին բացակայում է»,- նշված է հայտարարությունում։
Նոյմեբերի 27-ին ապստամբների կողմից Հալեպի գրավումից հետո Դամասկոս էր տեղափոխվել նաև Հալեպում ՀՀ հյուպատոսության անձնակազմը, տարհանվել էր Սիրիայում գտնվող ՀՀ հումանիտար խումբը։
***
Սիրիայի ապստամբները հայտարարել են, որ գրավել են մայրաքաղաք Դամասկոսը: Ավելի վաղ նրանք գրավել էին Հալեպը և Հոմսը՝ Սիրիայի երկրորդ և երրորդ խոշոր քաղաքները։ Դրանից կարճ ժամանակ անց Սիրիայի վարչապետը հայտարարել է, որ պատրաստ է իշխանության փոխանցմանը։
Reuters-ի հաղորդմամբ՝ սիրիական բանակի հրամանատարությունը սկսել է սպաներին տեղեկացնել վարչակարգի տապալման մասին։
Մինչև ապստամբների՝ Դամասկոս ներխուժելու մասին լուրերը Ասադի գրասենյակը հերքում էր, որ նա լքել է մայրաքաղաքը:
Ապստամբների մեջ հիմնական ուժը իսլամիստական «Հայաթ Թահրիր ալ-Շամ» շարժումն է, որը ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն շատ երկրներում։
Բաշար Ասադը Սիրիայի նախագահն է 2000-ից: Նա իշխանության եկավ հոր՝ Հաֆեզ Ասադի մահից հետո, որը երկիրը ղեկավարել էր 1971-2000 թվականներին:
2011-ին Սիրիայում սկսվեց քաղաքացիական պատերազմ, որի հետևանքով հարյուր հազարավոր մարդիկ զոհվել են, միլիոնավորները դարձել փախստական:
Ասադին հաջողվեց պահպանել իշխանությունը Ռուսաստանի և Իրանի աջակցության շնորհիվ։
