Ազգային առաջնորդարանը կոչ է անում Սիրիшյում ապրող հայերին բնակարաններից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտ դեպքում

Ազգային առաջնորդարանը կոչ է անում Սիրիայում ապրող հայերին զուսպ և զգուշավոր լինել տեղի ունեցող այս փոփոխությունների փուլում և բնակարաններից դուրս գալ միայն անհրաժեշտության դեպքում, փոխանցում է «Գանձասար»-ը:

Առաջնորդարանը նշել է, որ Սիրիայում հայ համայնքը միշտ եղել է և պետք է մնա սիրիական հայրենիքի բարօրության և բարգավաճման սատարողը, երկրի տարածքային ամբողջականության և սիրիական ընկերության տարբեր բաղադրիչների խաղաղ գոյակցության ջատագովը՝ շեշտելով՝ սիրիահայությունը համատեղ աշխատանքով պիտի շարունակի աջակցիլ Սիրիան վերականգնելու բազմաբնույթ աշխատանքներին։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին սիրիական ընդդիմադիր զինված խմբավորումների անդամները լայնածավալ հարձակում են սկսել Հալեպ և Իդլիբ նահանգներում կառավարական դիրքերի դեմ։

Դեկտեմբերի 7-ի երեկոյան Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հակառակորդները գրավել են մի քանի խոշոր քաղաքներ՝ Հալեպը, Համան, Դեյր էզ Զորը, Դարաան և Հոմսը։

Կիրակի առավոտյան նրանք մտել են մայրաքաղաք Դամասկոս, որից հետո սիրիական բանակի ստորաբաժանումները լքել են քաղաքը։ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը  բանակցություններից հետո լքել է պաշտոնը և երկիրը։

Զինյալները պետական հեռուստատեսության ուղիղ եթերում հայտարարել են, որ նախագահ Բաշար ալ Ասադի ռեժիմը տապալվել է։ Նրա ընտանիքը կառավարել է հանրապետությունը ավելի քան 50 տարի։

Երկրում սկսվել է իշխանության անցումը. «Հայաթ Թահրիր ալ-Շամ» (Ռուսաստանում արգելված) ահաբեկչական կազմակերպության ղեկավար Աբու Մուհամմադ ալ-Ջուլանին ասել է, որ կառավարական կառույցները կմնան նախկին վարչապետ Մուհամմադ Ղազի Ալ-Ջալալիի հսկողության տակ՝ մինչև անցումային կառավարություն չի ձևավորվի:

Ապստամբները 10 միլիոն դոլար պարգևատրում էին խոստացել Սիրիայի նախկին նախագահի գլխի համար, ավելի ուշ «ՏԱՍՍ»-ը և «ՌԻԱ Նովոստի»-ն, վկայակոչելով Կրեմլի աղբյուրները, հայտնել են, որ Ասադն ընտանիքի հետ ժամանել է Մոսկվա, և Ռուսաստանը նրան ապաստան է տվել։

Կիսվել սոց․ ցանցերում