Ռուսաստանի կողմից ապաստան ստացած Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ Ասադն ապահով է, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
Նա հավելել է, որ Ռուսաստանի կառավարությունը չի նախատեսում արտահանձնել Ասադին, եթե Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) նրա ձերբակալության օրդեր տա, քանի որ Ռուսաստանի Դաշնությունը չի վավերացրել Հռոմի ստատուտը։
«Նախագահ Ասադը Ռուսաստանում է: Նման իրավիճակում սխալ կլինի իմ կողմից ենթադրություններ անել, թե ինչ է տեղի ունեցել և ինչպես է այն հանգուցալուծվել։ Բայց նա ապահով է: Սա ցույց է տալիս, որ Ռուսաստանը գործում է այնպես, ինչպես պահանջվում է նման արտառոց իրավիճակներում»,- ասել է Ռյաբկովը NBC News-ին տված հարցազրույցում։
ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալը նաև ասել է, որ Ռուսաստանը հույս ունի՝ Սիրիայում ստեղծված իրավիճակը չի հանգեցնի երկրի մասնատմանը։ Նրա խոսքով՝ Սիրիան «պետք է լինի ինքնիշխան, միասնական և ամբողջական»։
Նոյեմբերի վերջին իսլամիստական խմբավորումների կոալիցիան հարձակում է սկսել կառավարության կողմից վերահսկվող տարածքների վրա։ Նոյեմբերի 30-ին իսլամիստները գրավել են Հալեպը, իսկ դեկտեմբերի սկզբին՝ Համան և Հոմսը։ Դեկտեմբերի 8-ին հակակառավարական զորքերը մտան Դամասկոս և հայտարարեցին Բաշար ալ-Ասադի ռեժիմը տապալելու մասին։
Սիրիայի ղեկավարը բանակցություններ է վարել իսլամիստների հետ, հրաժարական է տվել և լքել երկիրը։ Այնուամենայնիվ, իսլամիստները հայտարարել են 10 միլիոն դոլարի պարգևատրություն այն տեղեկատվության համար, որը կօգնի ձերբակալել նախկին նախագահին։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Բաշար ալ-Ասադն իր ընտանիքի հետ ժամանել է Ռուսաստան, որտեղ նրան ապաստան են տվել։