ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ «առավել հայրենասեր ձևանալու համար արմատական ընդդիմությունը հակադարձելու է վարչապետին՝ պնդելով, թե 1994թ-ին Լեռնային Ղարաբաղը արդեն անկախ էր, իսկ բանակցությունները միտված էին անկախության ճանաչմանը»:
«Եթե Լեռնային Ղարաբաղը իրոք անկախ էր, ինչո՞ւ Հայաստանը պաշտոնապես չէր ճանաչում ԼՂ անկախությունը:
Եթե Հայաստանի համար Լեռնային Ղարաբաղը ո՛չ անկախ էր, ո՛չ էլ Հայաստանի մաս էր, ապա ի՞նչ էր: Պատճառաբանությունը, թե Հայաստանը չէր ճանաչում ԼՂ անկախությունը, որպեսզի նոր պատերազմի առիթ չտա, անհիմն է, որովհետև առաջին պատերազմը պարտվելուց հետո Ադրբեջանը տևական ժամանակ նոր էսկալացիայի պատրաստ չէր։
Եթե Լեռնային Ղարաբաղը իրոք անկախ էր, ինչո՞ւ էր քննարկվում Մեղրիի տարածաշրջանի հետ Լեռնային Ղարաբաղի փոխանակման հարցը:
Իսկ իրականում առաջին պատերազմից հետո Հայաստանի իշխանություններին Լեռնային Ղարաբաղը պետք էր՝ իշխանությունը պահելու ու թալանը կոծկելու համար՝ իրենց թալանի վրա ժողովրդի աչքերն ու բերանը փակելու համար»,- գրել է նա:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր, որ 1994 թվականից ի վեր, այսինքն՝ հրադադարից հետո՝ մեկնարկի պահից, բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին։
