«Տգետ ու անտակտ հաղորդավար, զզվում եմ Սուրենից»… Ինչու՞ են օգտատերերը հայհոյում Սուրեն Շահվերդյանին

Սուրեն Շահվերդյանի «Չէին սպասում», այնուհետև՝ «Քաղցած չէին սպասում» հաղորդաշարերը հայկական հեռուստաեթերի ամենաերկարակյաց նախագծերից են ու, չնայած հաղորդումների երբեմնի դիտողականությանը, այս տարիների ընթացքում Սուրեն Շահվերդյանը բազմիցս քննադատվել է ու քննարկվել հանրության կողմից։ Սուրենին հիմնականում մեղադրում են հյուրերին հաճախ ոչ կոռեկտ ու խիստ անձնական հարցեր տալու մեջ։ Վերջին շրջանում նախագծերի հետ կապված հիմնական քննադատության հանգամանք է դարձել նաև այն փաստը, որ հյուրերի մեծ մասը հայտնի չեն հանրության լայն զանգվածներին և տպավորություն է, թե Սուրենը պարզապես ամեն գնով ցանկանում է չփակել հաղորդումը, ինչը, անշուշտ, ազդում է նախագծի որակի վրա, քանի որ այն ի սկզբանե հետաքրքիր է եղել հենց այն հայտնիների շնորհիվ, ում ժամանակին հյուրընկալվում էր Սուրենը։

Ինչևէ, անկախ բոլոր քննադատություններից հաղորդումները դեռ շարունակվում են, շարունակվում են նաև սկանդալները՝ կապված Սուրենի անվան հետ։

StarNews-ի աչքից չի վրիպել, որ օրերս «Քաղցած չէին սպասում» հաղորդման հերթական թողարկումն է հայտնվել համացանցում, որը իսկական աղմուկի պատճառ է դարձել։ Բանն այն է, որ Սուրենը և Դավիթը հյուրընկալվել էին երգիչ, երգահան Րաֆֆի Ալթունյանին և, ըստ հաղորդման ձևաչափի, նրա հետ միասին գնացել էին սուպերմարկետ՝ առևտուր անելու։

Րաֆֆիի կատարած առևտրի ընդհանուր արժեքը կազմում է 48.910 դրամ, սակայն հենց դրամարակղի մոտ Սուրենն ասում է, որ ինքը և Դավիթը Րաֆֆիի գնած գարեջրով չեն բավարարվի և վերցնում է խմիչք՝ իր խոսքերով բավականին լուրջ, և անցկացնում դրամարակղ։ Դրանից հետո առևտրի ընդհանուր գումարը կտրուկ բարձրանում է՝ դառնալով 387. 910 դրամ։ Չնայած ստեղծված անսպասելի և բավականին տհաճ իրավիճակին՝ Րաֆֆին նշում է, որ ինքը պատրաստ է վճարել ու այստեղ էլ Սուրենը, կրկին ըստ հաղորդման ձևաչափի, առաջարկում է, որ ինքը վճարի, ինչին ի պատասխան՝ Րաֆֆին ասում է.
«Դե վճարի»։

Պետք է փաստել, որ իրավիճակն իսկապես տհաճ էր և անհարմար դրության մեջ դրեց Րաֆֆի Ալթունյանին։

StarNews-ը նկատել է, որ համացանցի օգտատերը բավականին կոպիտ մեկնաբանություններ էին գրել Սուրենի հասցեին, մինչև անգամ հայհոյանքներ ու անձնական վիրավորանքներ։ Շատերն էլ նշում էին, որ Րաֆֆին շախ և մատ արեց Սուրենին։

«Զզվում եմ Սուրենից», «Կարճ ասած՝ տգետ», «Սուրենը ի՞նչ է իրենից ներկայացնում, որ մի հատ էլ անհարմար դրության մեջ դնի», «Ոնց էլ համաձայնվում են սրա հաղորդմանը հյուր գնան», «Սուրենից անտակտ հաղորդավար հլը չէի տեսել»։

Հենց այսպիսի բազմաթիվ մեկնաբանությունների է արժանացել Սուրենը՝ համացանցի օգտատերերի կողմից։

Կարծում ենք՝ Սուրեն Շահվերդյանը իսկապես պետք է վերանայի մոտեցումը իր հաղորդման հյուրերի նկատմամբ և տարբերի սուր խոսքը դիմացինին նվաստացնելուց և դիմացինի հաշվին ինքնահաստատվելուց։
Իսկ եթե այս արարքով Սուրենը վերջին ճիգերն է գործադրում հաղորդման վարկանիշը մի փոքր բարձրացնելու և դրա շուրջ արհեստական աղմուկ ստեղծելու համար, ապա կարծում ենք, որ անիմաստ է փորձել վերականգնել արդեն իրեն սպառած հաղորդումը։

Կիսվել սոց․ ցանցերում