Լոնդոնի Համալսարանական քոլեջի հետազոտողները հայտնաբերել են, որ մեկ ծխախոտը միջինը մարդուց խլում է 20 րոպեի կյանք, իսկ դա նշնակակում է, որ 20 գլանակից բաղկացած սովորական տուփը կարող է մարդու կյանքը կրճատել յոթ ժամով։
Եթե հունվարի 1-ին օրական 10 ծխախոտ օգտագործող ծխողը թողնի ծխելը, ապա մինչեւ հունվարի 8-ը նա կարող է կանխել կյանքի մի ամբողջ օր կորցնելը, վկայում է վերլուծությունը: Եթե թողնեք ծխելը մինչեւ փետրվարի 5-ը, ձեր կյանքի տեւողությունը կավելանա մեկ շաբաթով, իսկ եթե մինչեւ օգոստոսի 5-ը, ապա մեկ ամսով։ Մինչեւ տարեվերջ նրանք կարող են խուսափել կյանքի 50 օրվա կորստից, ասվում է հետազոտության մեջ:
«Մարդիկ, որպես կանոն, գիտեն, որ ծխելը վնասակար է, բայց նրանք հակված են թերագնահատել, թե որքան»,- ասել է UCL’s Alcohol and Tobacco Research Group-ի գլխավոր գիտաշխատող, դոկտոր Սառա Ջեքսոնը: — Ծխողները, որոնք չեն թողնում ծխելը, միջինը կորցնում են կյանքի մոտ տասը տարի: 10 տարի թանկարժեք ժամանակ, կյանքի պահեր եւ հանդիպումներ մերձավորների հետ»։
Առողջապահության նախարարության պատվերով իրականացված հետազոտությունը հիմնված է բրիտանական բժիշկների ուսումնասիրության վերջին տվյալների վրա, որը սկսվել է 1951թ. եւ աշխարհում առաջին խոշոր ուսումնասիրություններից մեկն է ծխելու հետեւանքների վերաբերյալ, եւ միլիոն կանանց հետազոտության վրա, որն իրականացվել է՝ հետեւելով կանանց առողջությանը 1996-ից:
Թեեւ 2000թ. BMJ-ում հրապարակված ավելի վաղ գնահատականը ցույց էր տվել, որ մեկ ծխախոտը միջինը կյանքի տեւողությունը կրճատում է մոտ 11 րոպեով, վերջին վերլուծությունը, որը հրապարակվել է Journal of Addiction-ում, գրեթե կրկնապատկում է այդ թիվը մինչեւ 20 րոպե. տղամարդկանց համար՝ 17,կանանց համար՝ 22 րոպե։
