Հայ-թուրքական հարաբերությունները միշտ էլ գայթաքար են եղել, որի վրա հեշտությամբ կարելի է սայթաքել:
Հայաստանի անկախության սկզբից էլ փորձեր են արվել կարգավորելու հայ-թուրքական հարաբերությունները: Այդպիսի փորձեր եղել են Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովն է ստեղծվել, հետո` լուծարվել, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման շրջանը հիշվում է ֆուտբոլային դիվանագիտությամբ եւ չվավերացված հայ-թ
Տարիներ շարունակ հայ եւ թուրք լրագրողները, հասարակական, քաղաքական գործիչները փոխայցեր են կատարել, հանդիպումներ ունեցել, դրամաշնորհներ են տրամադրվել` երկու երկրների ժողովուրդների միջեւ թշնամանքը, ատելությունը վերացնելու, փոխըմբռնման հասնելու համար: Ասել է թե` դեմ չեն եղել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Խնդիրն այն է, թե ինչ գնով: Թուրքիան, վարելով «փափուկ ուժի » քաղաքականություն, մշտապես հետամուտ է եղել, որ հայոց ցեղասպանության հարցը դուրս բերի օրակարգից: Եվ դա արվել է հայ եւ թուրք ժողովուրդների հաշտցեման, բարիդրացիության եւ այլ վեհ ու բարեհնչուն անունների ներքո:
Համացանցից տեղեկացանք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ջատագովներից է նաեւ հասարակական գործիչ, Հայաստանը Եվրամիության կազմում տեսնելու համար պայքարող Հովսեփ Խուրշուդյանը:
«Որպես «Հրանտ Դինք» հիմնադրամի Թուրքիա-Հայաստան ճանապարհորդական դրամաշնորհի դրամաշնորհառու, որի նպատակն է ավելացնել անմիջական շփումների քանակը և խթանել համագործակցությունը երկու հարևան երկրների ժողովուրդների միջև, «Ազատ քաղաքացի» ՔՆԱԿ ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը 2016 թվականի հոկտեմբերին այցելեց Ստամբուլ:
Նա հանդիպումներ ունեցավ 5 կազմակերպություններում, ինչպես նաև հնարավորություն ունեցավ հանդիպել Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանի հետ:
«Ուղևորությունը, որը ֆինանսավորել էր Թուրքիա-Հայաստան ճանապարհորդական դրամաշնորհը, ինձ օգնեց զգալիորեն փոխել իմ պատկերացումները Թուրքիայի և թուրք ժողովրդի, հատկապես մտավորականության և քաղաքացիական հասարակության վերաբերյալ: Ես հնարավորություն ունեցա խոսել սովորական մարդկանց հետ փողոցներում և շուկաներում: Հիմա ես վստահ եմ, որ Թուրքիան պետք է դառնա Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության հիմնական գերակայություններից մեկը: Ես նույնիսկ հասցրել եմ հարցազրույց տալ Ստամբուլի (Հելսինկյան) քաղաքացիական ասոցիացիային՝ հետազոտական նպատակով: Ես նաեւ բարձրացրեցի իմ տեղեկացվածության աստիճանը Թուրքիայի հայ համայնքում առկա իրավիճակի վերաբերյալ», — պատմեց պարոն Խուրշուդյանը»:
Այցից հետո Թուրքիայով եւ թուրք ժողովրդով այդքան տպավորված Հովսեփ Խուրշուդյանը չի մանրամասնել, թե արդյոք նրա՞նք էլ են տպավորված Հայաստանով եւ հայ ժողովրդով: Ինչու՞ հանկարծ դրամաշնորհ ստանալուց եւ Թուրքիա կատարած այցից հետո որոշեց, որ հենց այդ երկիրը պետք է լինի մեր արտաքին քաղաքականության գերակայություններից մեկը: Թուրքիան ճանաչե՞լ է Հայոց ցեղասպանությունը, ապաշխարե՞լ է, ներողությու՞ն է խնդրել: Ոչ մի խոսք չի ասում այդ մասին պարոն Խուրշուդյանը, որը վերջին շրջանում հանձն է առել «Եվրաքվե»-ի քարոզչությունը: Հավանաբար դրամաշնորհ տրամադրողները պայման են դնում մոռանալ ցեղասպանության մասին եւ բարձրագոչ հայտարարություններ անել թուրք ժողովրդի եւ Թուրքիայի մասին:
Հովսեփ Խուրշուդյանը նաեւ լուսանկարներ է հրապարակել Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Կարո Փայլանի հետ, որն անցյալ տարեվերջին ZOOM քննարկումներից մեկի ժամանակ ասել էր. «Ես չեմ պատրաստվում աշխատել միայն հայերի համար, պատրաստվում եմ աշխատել թուրքերի, քրդերի, ադրբեջանցիների եւ հայերի համար, նրանք իմ եղբայրներն են: Մենք պետք է միասին գոյակցենք:
Իմ երազանքն է այցելել Շուշի, միասին խմել հայկական կամ ադրբեջանական կոնյակ, վայելել կյանքը Բաքվում, իսկ ադրբեջանցիներն իրենց ամառային հանգիստն անցկացնեն Սեւանա լճում»:
Թուրքիայով եւ թուրք ժողովրդով հիացած Հովսեփ Խուրշուդյանին համեստորեն մի խորհուրդ կարող ենք տալ. հարց ուղղել Հայաստան այցելած թուրք գործիչներին, թե որքանով են ճանաչում ժամանակակից Հայաստանն ու հայ ժողովրդին, թարգմանում եւ կարդու՞մ են հայ գրողներին Թուրքիայում այնպես, ինչպես մենք ենք թարգմանում ու կարդում թուրք գրողներին: Չէ ՞որ ճանաչողությունը, հարաբերությունները միակողմանի չեն լինում, ինչպես մեր դեպքում է: Եվ թուրքերին հայհոյելուց մինչեւ Թուրքիայի գիրկն ինքնամոռաց նետվելը չպետք է լինի ազգային արժանապատվության եւ ազգային անվտանգության հաշվին:
