Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ ռեստորանային համալիրներից մեկի հարակից տարածքում՝ Արփա գետի ափին, Եղեգնաձորի բնակիչ 40-ամյա մի տղամարդ ապօրինի հատել է մեծ քանակությամբ ծառեր: Համայնքային ոստիկաններն ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցները ստացված տեղեկությունները համատեղ իրացրին հունվարի 8-ին։ Նշված վայրում նրանք հայտնաբերեցին նոր հատած ուռենու 40 կոճղ: 40-ամյա տղամարդը հայտնել է, որ նշված ծառերը առանց համապատասխան փաստաթղթի ինքն է հատել դեկտեմբերից մինչև հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում, իսկ փայտանյութն օգտագործել է որպես վառելիք: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն:
Ապօրինի ծառահատում Եղեգնաձորում
