Հունվարի 15-ին Սիրիայի նորանշանակ արտգործնախարար Ասադ Հասան ալ-Շիբանին կմեկնի Թուրքիա։ Իր այցի մասին նա թուրքերեն գրառում է արել սոցցանցի իր էջում։
«Նոր Սիրիան ներկայացնելու համար մենք մեր առաջին պաշտոնական այցը կկատարենք Թուրքիայի Հանրապետություն։ Երկիր, որը 14 տարի երբեք չի թողել Սիրիայի ժողովրդին»,- նշել է Սիրիայի արտգործնախարարը։
Այցի շրջանակներում ալ-Շիբանին և պատվիրակության անդամները հանդիպումներ կունենան Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի, պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի և Ազգային հետախուզության ծառայության (MIT) ղեկավար Իբրահիմ Քալընի հետ։
Ալ-Շիբանին Անկարա է մեկնելու երկրի նորանշանակ պաշտպանության նախարար, գեներալ Մուրհեֆ Էբու Քասրանի հետ:
Թուրքական մամուլի համաձայն՝ սիրիական պատվիրակությունը հանդիպում է ունենալու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Օրակարգում են լինելու Սիրիայի վերակառուցման, ինչպես նաև թուրքական կողմի համար ահաբեկչական «Քրդական ինքնապաշտպանական ուժերի» կողմից վերահսկվող տարածքների վերաբերյալ հարցերը:
Նշենք՝ Ասադ Հասան ալ-Շիբանին բարձրագույն կրթություն է ստացել Թուրքիայում։ Նա ուսանել է Ստամբուլի «Սաբահաթթին Զայիմ» համալսարանի Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։
