Պпւտինի «եվրոպական ակումբը» ցրվո՞ւմ է

Սլովակիայի խորհրդարանը մոտակա օրերին կքննարկի վարչապետ Ֆիցոյի վստահության հարցը: Նման առաջարկությամբ հանդես է եկել ընդդիմությունը, որ 150 մանդատից ունի 71-ը: Ֆիցոն հայտնի է որպես ռուսաստանյան կողմնորոշման քաղաքական և պետական գործիչ: Անցյալ տարեվերջին նա այցելել է Մոսկվա և բանակցություններ վարել Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ, այնուհետև մեկնել Վիետնամ, որտեղ մի քանի օր ապրել է շքեղ հյուրանոցում:

Խորհրդարանական հանձնաժողովը, որ կոչված է ուսումնասիրելու պաշտոնյաների կապը կոռուպցիայի հետ, կասկածում է, որ վարչապետի Մոսկվա այցը և Վիետնամում արքայական հանգիստը վճարել է Ռուսաստանը» և պահանջում է, որ Ֆիցոն խորհրդարանում ներկայացնի «հակառակը վկայող իրական փաստեր:

Վարչապետի և կառավարության մի քանի անդամների կոռումպացվածության մասին Սլովակիայի ընդդիմության կասկածները, իհարկե, Ֆիցոյի պաշտոնանկության գործընթացի ֆորմալ պատճառաբանությունն է: Իրականում նա քննադատության է արժանանում Ռուսաստանի պատճառով Եվրամիության հետ հակասությունների համար: Ընդդիմության գնահատմամբ՝ այդ պատճառով Սլովակիան զրկվում է Եվրահանձնաժողովի բարեհաճ վերաբերմունքից, իսկ դա սոցիալական խնդիրներ է առաջացնում:

Ֆիցոյի պաշտոնանկության հարցը խորհրդարանի քննարկմանն է ներկայացվել, երբ բացահայտվել են նրա և կոալիցիոն գործընկեր, Սլովակիայի նախագահ Պելեգրինի միջև հակասությունները: Սլովակ դպրոցական Սիմոն Օմանիկը կենտրոնաեվրոպական մաթեմատիկական օլիմպիադայում երրորդ տեղն է զբաղեցրել և արժանացել պարգևի, սակայն արարողության ժամանակ հրաժարվել է սեղվել նախագահի ձեռքը: Պատանին պարգևատրման է ներկայացել բաճկոնի լամբակին Ուկրաինայի դրոշի գույներով ժապավենով:

Վարչապետ Ֆիցոն նախագահ Պելեգրինին քննադատել է «հարմարվողականության» համար և պահանջել, որ նա Սիմոն Օմանիկին զրկի պարգևից՝ պետական արարողակարգը խախտելու և անհարգալի վերաբերմունքի համար, բայց նախագահը նրա պահանջը չի կատարել: Նախագահ Պերեգրինի կուսակցությունը խորհրդարանում ներկայացված է 27 պատգամավորով: Եթե նրանք կամ նրանց մեծամասնությունը միանա համախմբված ընդդիմությանը, ապա Սլովակիայի վարչապետի պաշտոնանկության հարցը կլուծվի պարզ քվեարկությամբ:

Այս իրավիճակը ներկայացնելով՝ ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետան» համարում է, որ քաղաքական զարգացումները, գուցեն, չհասնեն Ֆիցոյի պաշտոնանկությանը և նրան քրեական պատասխանատվության ենթարկելուն, բայց Սլովակիայի վարչապետը ստիպված կլինի վերանայել ուկրաինական կարգավորման հարցում դիրքորոշումը: Պարբերականը հիշեցնում է, որ անցյալ տարի Ֆիցոյի դեմ մահափորձ է իրականացվել:

Ուկրաինայի հարցում Ռուսաստանի պետական քարոզչության իշխող նարատիվներից մեկն էլ Եվրամիության մասնատվածության և մայրամուտի» թեզն է, որը հիմնավորվում է Հունգարիայի, Սլովակիայի և Ավստրայի «ինքնուրույն քաղաքականությամբ: Որոշ փորձագետներ զարգացրել են Պուտինի «եվրոպական ակումբի» գաղափարը՝ համարելով, որ Եվրամիության համար Ուկրաինայի հարցում միասնական որոշում ընդունելու դժվարություններ կան:

Անցյալ տարեվերջին պաշտոնին հրաժեշտ է տվել Ավստրիայի կանցլեր Կարլ Նահամերը: Սլովակիայի խորհրդարանը կքննարկի Ֆիցոյին անվստահություն հայտնելու հարցը: Հունգարիայի վարչապետ Օրբանն իրեն առայժմ ինքնավստահ է զգում, բայց վերջին շրջանում նրա կողմից ակտիվ քայլեր չեն ձեռնարկվում: Եվրամիության արտաքին քաղաքական ուղեգիծը չի փոխվել: Բրյուսելում Ռուսաստանի նկատմամբ մոտեցումը միանշանակ է՝ Մոսկվան խախտել է միջազգային իրավունքը և Ուկրաինայում նրա տարածքային նվաճումները երբեք լեգիտիմություն չեն ստանա:

Սլովակիայի վարչապետին այս իմաստով քաղաքական «խիստ նախազգուշացում է արվում». սլովակ դպրոցականի համարձակ քայլը վկայում է, որ երկրի հանրային կարծիքի ու վարչապետի քաղաքականության միջև խզում կա: Ուկրաինական պատերազմը եվրոպական երկրներին Ռուսաստանի շուրջ երբեք չի համախմբի, ինչպես կարծում էին Կրեմլում, բայց Ռուսաստանից եվրոպական վերջին դաշնակիցներին կարող են հեռացնել:

Կիսվել սոց․ ցանցերում