Հին Կտակարանի իմաստության գրքերից մեկը՝ Սաղմոսարանը, ընդգրկում է հարյուր հիսուն սաղմոսներ, որոնց մեծամասնության հեղինակը Դավիթ թագավորն է: Սաղմոսներն օրհներգություններ են, գոհության մաղթանքներ, աղոթքներ, ուսուցումներ և մարգարեություններ, որոնք ի սկզբանե երգով և նվագածությամբ են ասվել: Երբ Դավիթ թագավորը սաղմոսներ էր նվագում քնարով, նրա հնչյուններից փարատվում էր հրեաների առաջին արքայի՝ Սավուղի մելամաղձությունը:
Քրիստոսի երկրային կյանքի ուղեկիցն է եղել սաղմոսերգությունը: Սբ. Օգոստինոսը Քրիստոսին անվանել է «սաղմոսների սքանչելի Երգիչ»: Այնուհետև Գործք Առաքելոցում և առաքելական նամակներում տեսնում ենք, որ առաքյալներին և առաջին դարի քրիստոնյաներին ևս հոգեհարազատ էր սաղմոսերգությունը: Սբ. Պողոս առաքյալն եփեսացիներին ուղղված նամակում հորդորում է. «Միմյանց հետ սաղմոսներով, օրհնություններով ու հոգևոր երգերո՛վ խոսեցեք և ձեր սրտերում միշտ երգեցե՛ք ու սաղմո՛ս ասացեք Տիրոջը՝ ամեն բանի համար միշտ շնորհակալություն հայտնելով Հայր Աստծուն՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով» (Եփեսացիներ 5:19-20):
Երբ սկսվեց վանական շարժումը, վանքերում և մենաստաններում վանականների առաջին աղոթագիրքը դարձավ սաղմոսարանը (Նոր կտակարանի և սաղմոսների անգիր իմացությունը պարտադիր է եղել Հայոց վանքերում): Հայ Առաքելական Սբ. եկեղեցին առանձնահատուկ նախասիրություն ունի սաղմոսների նկատմամբ: Հայոց ծիսարանը և մասնավորապես Ժամագիրքը հիմնականում սաղմոսներից է կազմված: Հայ հոգևոր երգերը, շարականները, գանձերը, տաղերը, ինչպես նաև Սբ. Գրիգոր Նարեկացու, Սբ. Ներսես Շնորհալու և այլոց աղոթքները սաղմոսներից են ներշնչված:
Մովսես Խորենացին նկարագրել է Սբ. Սահակ Պարթև կաթողիկոսի սաղմոսերգությունն իր վաթսուն աշակերտների հետ միասին, որ նման էր անապատականների աղոթքին: Հին դպրոցներում Սաղմոսարանն օգտագործել են իբրև դասագիրք:
