«Ինձ գրավեց այն, որ Հայաստանում դեռ ոչ ոք նման ֆիլմ չի նկարել». Լիլիթ Հակոբյան

Օրերս անդրադարձել էինք, որ «Կինոմոսկվա»-ում կայացել է Հովհաննես Գալստյանի «Բեմ» ֆիլմի պրեմիերան:

Ֆիլմի գլխավոր հերոսուհին՝ Լիլիթ Հակոբյանը թեև ներկա չէր պրեմիերային, բայց նրա համարձակ խաղն անտարբեր չթողեց հանդիսատեսին:

Հանովերի պետական բալետի պրիմա պարուհուն գտանք համացանցի միջոցով, ինչպես ինքը՝ ռեժիսորը:

Tert.am Life-ի հետ զրույցում Լիլիթը պատմեց, թե ինչպես հայտնվեց Գերմանիայում, ինչպես նաև ֆիլմի առաջարկի, բարդ պատասխանատվության ու ետնաբեմում խաղընկերների հետ ունեցած հարաբերությունների մասին:

«Ավարտել եմ Երևանի Պարարվեստի պետական քոլեջը, դրանից հետո ընդունվել եմ Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն: Մոտ 1ուկես տարի անց մեկնել եմ Գերմանիա: Հանովեր եկել եմ հրավերով և արդեն 14 թատերաշրջան աշխատում եմ այստեղ»,- պատմեց Լիլիթ Հակոբյանը:

Նա պատմեց, որ «Բեմ» ֆիլմում նկարահանվելու առաջարկը ստացել է ռեժիսոր Հովհաննես Գալստյանից՝ համացանցով:

«Առաջինն ինձ գայթակղեց այն, որ պարային ֆիլմ էր և Հայաստանում դեռ նման ֆիլմ ոչ ոք չի նկարել: Հովհաննեսը նաև ինձ հանձնարարեց ամբողջ պարային բեմադրական հատվածները, այսինքն՝ ֆիլմի մեծ մասը»,-նշեց դերասանուհին:

Նա նշեց, որ իր ուսերին դրված էր շատ մեծ պատասխանատվություն ու այդպիսի դերի տակից պատվով դուրս է եկել իր խաղընկերների շնորհիվ:

«Շնորհակալ եմ Խորենին, Վիվիենին և Ֆրիդային:

Նրանք ինձ իրոք շատ են օգնել բոլոր տեսարանները բարձր որակի հասցնելու համար»,- անկեղծացավ Լիլիթը:

Ֆիլմի աշխատանքները բարդ էին, բայց նկարահանումներն ու կուլիսային պահերը չափից շատ հաճելի», -խոստովանում է պարուհին.

«Ընդհանուր նկարահանումներն իմ կարծիքով շատ ինտենսիվ էին, այս ֆիլմը հաշված օրերի ընթացքում է նկարվել, բայց հաճելի հուշեր ունեմ ետնաբեմի կյանքից:

Իմ գործընկերների հետ  շատ հաճելի էր թե՛ ետնաբեմում, թե՛ նկարահանման հրապարակում:

Ինձ թվում է ֆիլմը ստացված է ու ստացվել է, որովհետև բոլոր կերպարները շատ ճիշտ էին ընտրված, բոլորը կարծես ճիշտ իրենց տեղում էին:

Իսկ իմ խաղը լավն էր, թե ոչ, թող հանդիսատեսը դատի»,- ամփոփեց պրիմա պարուհին:

Կիսվել սոց․ ցանցերում