Lragrogh.com-ը հետեւյալ խնդրի մասին էր իրազեկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ակնկալելով պարզաբանում։ «Արցախի հանրապետությունից բռնի տեղահանված մեր հայրենակիցները, որոնք ունեն ՀՀ քաղաքացիություն, սակայն իրենց երեխաները ծնվել են Արցախում եւ ունեն Արցախի պետական կառույցների կողմից տրված ծննդյան վկայականներ, չեն կարողանում օգտվել բնակարանային ապահովման ծրագրից, համակարգը մերժում է՝ պատճառաբանելով, որ երեխաների տվյալները անհնարին է նույնականացնել»։ Եվ ահա ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ-ից ստացել ենք հետեւյալ պատասխանը.
«ԼՐԱԳՐՈՂ ՔՈՄ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ ՎԱՆԻԿ ՆԻԿՈՅԱՆԻՆ։
Հարգելի՛ պարոն Նիկոյան, Հայաստանի Հանրապետության վարչապետին հասցեագրված Ձեր դիմումին ի պատասխան՝ հայտնում ենք, որ քաղաքացիական կացության ակտերի գրանցման էլեկտրոնային կառավարման համակարգի միասնական գրանցամատյանում պահվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտեր գրանցող մարմինների կողմից գրանցված, փաստաթղթային արխիվում պահպանված և էլեկտրոնային կառավարման համակարգ մուտքագրված (թվայնացված) քաղաքացիական կացության ակտի պետական գրանցումը հավաստող էլեկտրոնային փաստաթղթերը: Միաժամանակ հայտնում ենք, որ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից Արդարադատության նախարարությանն է փոխանցվել Լեռնային Ղարաբաղի ՔԿԱԳ տարածքային բաժինների կողմից իրականացված ՔԿԱԳ գրանցամատյանների փաստաթղթային արխիվի մի մասը, որի հիման վրա ՔԿԱԳ ոլորտը կարգավորող օրենքի համաձայն ԱՆ ՔԿԱԳ գործակալության կողմից իրականացվում է Լեռնային Ղարաբաղի ՔԿԱԳ տարածքային բաժինների կողմից կատարած քաղաքացիական կացության ակտային գրանցումների վերականգնման աշխատանքներ՝ անձանց տրամադրելով ՔԿԱԳ վկայականներ: Հարկ է նշել, որ ՔԿԱԳ գործակալության կողմից քաղաքացիական կացության ակտային գրանցումները կարող են վերականգնվել այն դեպքում, երբ առկա են հաստատող փաստաթղթեր այն մասին, որ համապատասխան քաղաքացիական կացության ակտի պետական գրանցումը նախկինում կատարվել է: Նախկինում ակտային գրանցման առկայությունը հաստատող փաստաթղթերի բացակայության դեպքում ՔԿԱԳ գործակալությունը ակտային գրանցման վերականգնում կարող է իրականացնել կա՛մ իրավաբանական փաստի մասին նոտարական ակտի, կա՛մ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության դեպքում:
ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ ՄԱՐԻՆԵ ՅԱՅԼԱԽԱՆՅԱՆ Կատարող՝ Աննա Հակոբյան ՔԿԱԳ գործակալություն»։
