Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում, Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վերջերս առաջ քաշած Արարատ-Արագած դիսկուրսին, և դրանով պայմանավորված, ՀՀ-ին զենք մատակարարելուն։
Նա նախ նկատել է․ «Եթե խորությամբ ընկալեք Փաշինյանի ասածները, այդ հարցերը չեք տա: Հիմա դուք խոսում եք հարցազրույցից վերցրած հատվածային կտորների մասին, բայց մենք եկել ենք այսօր նշենք բանակի 33 ամյակը»։
Քոչարյանը շեշտել է, որ բանակին պետք է վերաբերվել որպես «սրբության սրբոցի», եթե այդպես չվերաբերվենք, բանակը չի լինի այնպիսին, որ պաշտպանի յուրաքանչյուրին:
Վերջինիս կարծիքով՝ փոխվել են բանակի առջև դրված խնդիրները:
«Բանակը 1994-ից հետո լրիվ այլ վիճակի էր բերված, իսկ վաղվա բանակը պետք է լինի այնպիսին, որ նման խնդիրներ չառաջանան, որ նման խնդիրներ չլինեն, որոնք եղան 44-օրյայի ժամանակ: Մենք պետք է այսօր մտածենք այն խորհուրդի մասին, որն այսօր մեզ բոլորիս բերել է այստեղ։ Հաջողություններն ու անհաջողությունները մեկը մյուսին փոխանցում են, մենք պետք է կառուցենք այն բանակը, որ մեզ կպահի ամուր դիրքերում»,- ասել է նա:
