Այն, ինչ մնում է կադրից դուրս. Tert.am Life-ը «Թեք Startup» սիթքոմի նկարահանման հրապարակում է

Հունվարի 20-ից մեկնարկել են նոր՝ «Թեք Startup» սիթքոմի նկարահանումները:

Ռեժիսորը Հովհաննես Ղազարյանն է, սցենարի հեղինակներն են «Արմքոմեդի»-ի հաղորդավարներ Նարեկ Մարգարյանն ու Սերգեյ Սարգսյանը: Նախագծի պրոդյուսերը Էրիկ Պատվականյանն է: 

Սիթքոմի դերասանական կազմում ընդգրկված են Նարեկ Մարգարյանը,  Սերգեյ Սարգսյանը, Մարիամ Շահինյանը, Հայկ Դարբինյանը, Արսեն Ներսիսյանը, Լևոն Խուրշուդյանը և այլք:

Tert.am Life-ը ներկա է եղել սիթքոմի նկարահանումներին, զրուցել ստեղծագործական թիմի հետ ու առանձնացրել էկրանից դուրս մնացած հետաքրքիր պահերը:

Ամեն ինչ սկսվում է նրանից, որ 3 հայ երիտասարդներ ստեղծում են   արհեստական բանականության սարք:

Սցենարի համահեղինակ Նարեկ Մարգարյանը Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց, որ սիթքոմի գաղափարը ծնվել է քովիդի ժամանակ՝ լողավազանում:

«Ստարտափի մասին որևէ հայկական ֆիլմ կամ նախագիծ դեռ չի եղել: Մինչ այդ ես մի ֆիլմ էի գրել, որը դեռ չի նկարահանվել և միտք առաջացավ այս ֆորմատով անել: Սերգեյին պատմեցի ու խանդավառվեցինք:

Այս տարիների ընթացքում անընդհատ ուզում էինք անել, բայց միշտ ինչ-որ բան խանգարում էր ու հետաձգվում էր:

Վերջապես աստղերը ճիշտ դասավորվեցին»,- պատմեց Նարեկը:

Սիթքոմի 1-ին եթերաշրջանը բաղկացած կլինի 8 մասից, որի ընթացքում հանդիսատեսը կտեսնի, թե ինչպես է ստեղծվում հայկական արհեստական բանականություն և ինչ խնդիրներ կարող է այն առաջացնել:

«Սիթքոմում կտեսնենք դեպքեր ու իրավիճակներ, որոնք կարող են տեղի ունենալ միայն Հայաստանում: Նկարահանումների ընթացքում ստանում ենք ավելին, քանի պատկերացնում էինք սցենարով, որովհետև շատ տաղանդավոր դերասաններ ունենք»,- անկեղծացավ Նարեկ Մարգարյանը:

Սերգեյ Սարգսյանն էլ  նշեց, որ սիթքոմի ֆորմատով 1-ին անգամ են համագործակցում Նարեկի հետ:

«Փոխլրացնում էինք իրար, Նարեկի գրածն ինձ էր միտք տալիս, իմ գրածը՝ իրեն:  Նախագծի գլխավոր ասելիքն այն է, որ Հայաստանում կարող ես ստեղծել նոր բան, հաջողել, հարստանալ և նվաճել աշխարհը:

Ֆիլմի ուզում ենք արտացոլել ՏՏ ոլորտի իրականությունը: Ես ու Նարեկը շատ ենք շփվում տարբեր Այ Թի կազմակերպությունների հետ: Ես վարում եմ ամենամյա Ստարտափ Սամմիթը, որտեղ 100-ավոր Ստարտափներ իրենց գաղափարն են ներկայացնում: Ընթացքում շատ հետաքրքիր պատմություններ ենք իմանում, որոնք կուտակվել էին և ինչ- որ տեղ պետք էր արտացոլել»,- մեզ հետ զրույցում պատմեց Սերգեյը:

Նրա խոսքով՝ եթե այս սիթքոմը որևէ մեկին չհետաքրքիր, ուրեմն այդ մարդը շատ տարօրինակ մարդ է:

«Հուսանք սերիալների ոլորտը կտրուկ կփոխվի «Թեք Startup» սիթքոմի ի հայտ գալուց հետո»,- նշեց նա:

Սիթքոմում հերոսուհուն մարմնավորում է դերասանուհի Մարիամ Շահինյանը:

«Իմ հերոսուհին խելացի, լուրջ, Ամերիկյան համալսարանում սովորող, իր տարիքում բավականին լուրջ հաջողություններ գրանցած կերպար է, ով Ստարտափի Գլխավոր գործադիր տնօրենն է(CEO)»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց դերասանուհին, ով 1-ին անգամ է նկարահնվում սիթքոմում:

«Ինձ գրավեց ոչ միայն Կարինայի կերպարը, այլև սիթքոմը, քանի որ այն 1-ինն է Հայաստանում, որը նորմալ մարդկանց մասին է: Այստեղ չկա կրիմինալ կամ հանդիսատես գրավելու համար դրված որևէ խնդիր, սա միջինից բարձր ինտելեկտ ունեցող մարդկանց համար է:

Շատ լավ թիմ է հավաքված ու նկարահանումները շատ հետաքրքիր են անցնում: Անգամ օրեր են եղել, որ նկարահանումները գիշերը 2-3-ին են ավարտվել, բայց հոգնածության զգացողությունը բացակայում էր: Ամեն վայրկյանը վայելում եմ այս նախագծում»,- անկեղծացավ Մարիամ Շահինյանը:

Նրա խոսքով՝ նախագիծը կսովորեցնի, թե ինչպես կարելի է դնել  նպատակ և դժվարությունները միասնական հաղթահարելով հասնել մեծ հաջողության:

Ռեժիսոր Հովհաննես Ղազարյանը խոստովանեց, որ նախագծի առաջարկն ընդունել է սիրով:

«Սցենարը շատ եմ հավանել, Նարեկն ու Սերգեյը գրագետ հումոր են գրել: Սցենարը կարդալուց միանգամից հասկացա ովքեր են լինելու դերակատարները: Շատ առողջ մթնոլորտում ենք աշխատում, թիմը ծառայում է մի գաղափարին, որ նախագիծը լավը լինի: Տարբերվող նախագիծ է լինելու»,- վստահեցրեց ռեժիսորը:

Դերասան Արսեն Ներսիսյանի կերպարը ֆիլմում ստարտափի հեղինակն է, ով սիրահարված է Մարիամ Շահինյանի մարմնավորած՝ Կարինայի կերպարին, բայց համարձակություն չունի այդ մասին ասելու:

«Անընդհատ ինչ-որ պատրվակ է փնտրում իր սերն արտահայտելու համար, բայց հայտնվում է մեկ այլ կերպար, ով ևս սիրահարվում է Կարինային և սկսվում է սիրանկյունին:

Կերպարն ինձ շատ հետաքրքիր է, սիրով եմ մասնակցում նկարահանումներին, ռեժիսորի հետ արդեն 5-րդ նախագծի շուրջ ենք աշխատում»,- նշեց Արսեն Ներսիսյանը:

«Ես սիթքոմում մարմնավորում եմ Ռուբենին: Մի քիչ տարօրինակ կերպար է, ստացվել է այնպես, որ ինձ միշտ տարօրինակ կերպարներ են բաժին հասնում: Իրականում շատ հետաքրքիր ներաշխարհ ունեցող կերպար է, տարբերվում է իր գործընկերներից թե՛ մտածելակերպիով, թե՛ հագուկապով:

Սցենարը կարդալուց հետո միանգամից համաձայնեցի նկարահանվել: Վստահ կարող եմ ասել, որ հանդիսատեսը լավ ու որակյալ սիթքոմ է տեսնելու»,- մեզ հետ զրույցում ասաց դերասան Լևոն Խուրշուդյանը:

«Թեք Startup» սիթքոմը հանդիսատեսին հասանելի կլինի մարտ ամսին,   այդ կտեղադրվի Wink հարթակում:

Հեղինակ՝ Անի Մնացականյան

Կիսվել սոց․ ցանցերում