Դաշնակցության հավիտենական ամոթն ու խայտառակությունը

Քանի  որ  այսօր էլ  «Հայ  հեղափոխական  դաշնակցություն »  կուսակցությունն  ակտիվ   դերակատարում  ունի  Հայաստանի քաղաքական-հասարակական կյանքում,  մասնակցում է  ԱԺ   հերթական   ընտրություններին,  հարկ ենք  համարում  պատմաբան   Լեոյի  «Անցյալից »  գրքից  հերթական  դրվագը   ներկայացնել  այդ  կուսակցության  գործունեության մասին:

«1920թ.  դեկտեմբերի  3-ին,  գիշերվա  ժամը 3-ին, Ալեքսանդրապոլի միջնաբերդում  ստորագրվեց  հայ-թուրքական  հաշտության դաշնագիրը, որ պիտի  մնա Դաշնակցության հավիտենական  ամոթն  ու  խայտառակությունը:   Իրենք` դաշնակցականներն,  այնքան   խորն  էին  զգում  իրենց  այդ  գործի  նողկալի  տգեղությունը, որ  չհամարձակվեցին   հրատարակել  Ալեքսանդրապոլի դաշնագիրը, եւ  միայն ես էի, որ  «Մշակի » մեջ ամբողջությամբ արտատպեցի այն` վերցնելով  Կ. Պոլսի  ռամկավարական   «Ժողովրդի  ձայն » թերթից:

Այդ  դաշնագիրը 1918-ի  Բաթումի  Էնվերյան  ծրագրից  տարբերվում էր  միայն  նրանով,  որ  Ալեքսանդրապոլը եւ երկաթուղին  թողնում էր  Հայաստանին: Սուրմալուի  ամբողջ  գավառը  Թուրքիային էր անցնում: Սեւրի  դաշնագիրը  Հայաստանին  վերաբերված  մասերում  ոչնչացված էր  հայտարարվում:  Երկրի  ներքին  պաշտպանության  համար   Հայաստանին  թույլատրվում  էր  պահել մի զորք`  բաղկացած  1500 հոգուց, 8 թնդանոթներով  եւ  24  գնդացիրներով:  Մնացած  բոլոր  զենքերն  ու  ռազմամթերքները  հանձնվում  էին  Թուրքիային:

Բայց  այսքանը  հերիք  չէր: Կար  ավելի  պժգալին:  Դաշնակցությունը  ծախում էր  իր ամենամեծ  սրբությունը` իր մորը:   Երրորդ  հոդվածն ասում էր.  «Ինչպես որ  թուրք, ռուս եւ բոլոր աշխարհի  վիճակագրություններ  եւ  հաստատյալ  ընկերային  կացությունը  ցույց կու  տան, այս առթիվ ալ կը վավերացվի, թե  Օսմանյան  սահմանին մեջ հայ  մեծամասնություն  ունեցող  որեւէ  հողամաս  չկա»:  Այս  շնական (ցինիկ)  հայտարարությամբ  ժխտվում էր  նույնիսկ այն հարցը,  որ  ծնող  մայր էր  հանդիսացել  Դաշնակցության  համար: Ինքն իր մասին  Դաշնակցությունն  այս  հոդվածով  վկայում էր, որ երեսուն  տարի շարունակ  սուտ է ասել, խաբել է, թե կա հայ մեծամասնություն  օսմանյան  սահմանների  մեջ»,- գրել է  Լեոն:

Կիսվել սոց․ ցանցերում