Հրդեհ է բռնկվել Կալիֆորնիայի Մարտինեսի նավթավերամշակման գործարանում, հայտնում է CBS-ը՝ վկայակոչելով Contra Costa County Health Department-ին։ Ձեռնարկության վեց աշխատակից տուժել է, չորսը հոսպիտալացվել են։
Վերամշակման գործարանը պատկանում է Martinez Refining Company-ին: Նրանք հայտնել են, որ հրդեհը սկսվել է փետրվարի 1-ին՝ տեղական ժամանակով ժամը 14:00-ի սահմաններում (ՀՀ ժամանակով փետրվարի 2-ին՝ 02:00-ին): Հրդեհը մեկուսացվել է չորս ժամ անց։
Հրդեհի պատճառների մասին դեռևս չի հաղորդվում, կրակը բռնկվել է ածխաջրածնի արտահոսքից, հայտնում է The Mercury News-ը:
Դեպքի վայրից նկարահանված կադրերում երևում են բոցեր և ծխի թանձր ամպեր։
Միջադեպի հետևանքով Մարտինեսի պաշտոնյաները նախազգուշացում են արել հարակից համայնքների բնակիչներին՝ կոչ անելով մարդկանց մնալ տանը, փակել պատուհաններն ու դռները, թաց սրբիչներ դնել ճաքերի մեջ և անջատել օդորակիչները, ջեռուցիչները և օդափոխիչները:
