Եկամուտների համընդհանուր հայտարարագրման ժամկետը նախապես սահմանված էր մայիսի 1-ը, սակայն քննարկումների արդյունքում նոր ժամկետ է սահմանվել, այն է՝ նոյեմբերի 1-ը: Այս մասին Ազգային ժողովում համընդհանուր հայտարարագրման թեմայի վերաբերյալ քննարկման ժամանակ հիշեցրեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը: Նրա խոսքով՝ ժամկետի փոփոխությունը ներկայումս նախագծման փուլում է: Նա նաև թվարկեց այն խմբերը, որոնք այս տարի պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները՝ ըստ պահանջի: «Առաջին խումբը վարձու աշխատողներն են: Երկրորդ խումբը քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատող մեր հայրենակիցներն են: Երրորդ խումբը պետական համայնքային աշխատողները, ծառայողները, ինչպես նաև հանրային պաշտոն զբաղեցնողներն են: Չորրորդ խումբը 2023 թվականի արդյունքներով 1 միլիարդից ավելի համախառն եկամուտ հայտարարագրած կազմակերպությունում մասնակից հանդիսացող քաղաքացիներն են (մասնակից ասելով՝ նկատի ունենք բաժնետեր, փայատեր կամ անդամ): Հինգերորդ խմբում փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի օրենքով իրական շահառու համարվողները: Վեցերորդ խումբը 2024 թվականին 20 միլիոն և ավելի փոխառություն ստացածները»,- տեղեկացրեց ՊԵԿ նախագահը։
Ով պետք է հայտարարագրի իր եկամուտները և մինչև երբ. ՊԵԿ նախագահ
