Ադрբեջшնում քաղբանտшրկյալների նոր հակառեկորդ է գրանցվել․ նրանց թիվը հասել է 357-ի

«Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատության միությունը» հրապարակել է քաղբանտարկյալների թարմացված ցուցակը, որում 357 անուն կա։ Նախորդ տարվա դեկտեմբերին ներկայացված նախորդ ցուցակի համեմատ՝ քաղբանտարկյալների թիվն ավելացել է 26-ով, որը նոր հակառեկորդ է։ Ցուցակում ընդգրկվել են լրագրողներ Ֆարիդ Իսմայիլովը, Շամշադ Աղաևը, Շահնազ Բեյլարքըզին, Իմիշլիում անկարգությունների ժամանակ ձերբակալված 13 անձինք և այլք։ Ցուցակում ընդգրկվածները դասակարգված են 12 խմբի՝ «լրագրողներ և բլոգերներ» որոնցում առկա է  27 հոգի; «իրավապաշտպաններ» խմբում՝ 4 հոգի, «ընդդիմադիր կուսակցությունների և քաղաքացիական հասարակության անդամներ»՝ 32 հոգի, «ազգային փոքրամասնությունների ակտիվիստներ»՝ 4 հոգի; «հակապատերազմական ակտիվիստներ»՝ 2 հոգի, «Սոյուդլու գյուղի գործով»՝ 2 հոգի, «Գերմանիայից արտաքսված քաղաքական էմիգրանտներ»՝ 5 հոգի, «Իմիշլիի գործով ձերբակալվածներ»՝ 13 անձ, «հավատացյալներ»՝ 235 հոգի, «Տերտերի գործով դատապարտվածներ»՝ 8 մարդ, «Գյանջայի գործով դատապարտվածներ»՝ 13 հոգի, «ցմահ ազատազրկման դատապարտվածներ»՝ 12 մարդ։ Ցուցակը կազմել են Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը և քաղբանտարկյալների մոնիթորինգի կենտրոնի ղեկավար Էլշան Հասանովը։ Ադրբեջանի Մեջլիսի Մարդու իրավունքների խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Զահիդ Օրուջը, մեկնաբանելով այս ցուցակը, ադրբեջանական Turan-ին ասել է, որ նշված անձինք, իբր, քրեական պատասխանատվության են ենթարկվել օրենքով սահմանված կարգով։ «Շատ դեպքերում սրանք այն ուժերն են, որոնք մասնակցել են Ադրբեջանի օրենսդրությամբ գրանցման ենթակա միջազգային նախագծերին և պետք է գործեին օրինական։ Դրանից դուրս գործունեությունն արդեն մաքսանենգության, հարկերից խուսափելու դեպքեր են։ Այդպատճառով է, որ ցուցակի համահեղինակ Լեյլա Յունուսն ինքն իրեն նախկինում զգում էր որպես դրամաշնորհ տրամադրող կառույցների թիվ մեկ շահառու»,- ասել է պատգամավորը։ Օրուջը նաև հայտնել է համաներման հարցերով հանձնաժողովի նիստերի մեկնարկի մասին։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/859537.html?fbclid=IwY2xjawIabcpleHRuA2FlbQIxMQABHTD8ivSfbZkJKZW5UZHSVSktxqq4dZ526uevRj-P2T4hh3YHunKbiCrzYg_aem_M0pytWSgOfxvc2zG-sLfyg

© factor.am

Կիսվել սոց․ ցանցերում