Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Դոնալդ Թրամփի վերադարձը Սպիտակ տուն «էլեկտրաշոկ» է անվանել, որը պետք է Եվրոպային ստիպի ապահովել իր, ինչպես նաև Ուկրաինայի ապագան։ Նա նախազգուշացրել է Ուկրաինայում խաղաղության մասին, որը հավասարազոր կլինի «կապիտուլյացիայի», գրում է France 24-ը։ Էմանուել Մակրոնն ասել է, որ միայն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարող է իր երկրի անունից բանակցել Ռուսաստանի հետ պատերազմին վերջ տալու համար՝ նախազգուշացնելով, որ «խաղաղությունը, որը հնարավոր կապիտուլյացիա է», «վատ նորություն կլինի բոլորի համար», այդ թվում՝ ԱՄՆ-ի։ «Միակ հարցն այս փուլում այն է՝ արդյո՞ք նախագահ Պուտինն իսկապես և վստահաբար պատրաստ է համաձայնել հրադադարի այս հիմքի վրա: Դրանից հետո ուկրաինացիները պետք է բանակցեն Ռուսաստանի հետ»,- ասել է Մակրոնը Ելիսեյան պալատում Financial Times-ին տված հարցազրույցում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի առանձին հեռախոսազրույցներ էր ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, նաև կոչ արել ամերիկացի պաշտոնյաներին բանակցություններ սկսել՝ գրեթե երեք տարի տևած հակամարտությունը դադարեցնելու համար։ Մակրոնը Financial Times-ին ասել է, որ Թրամփը ստեղծել է «հնարավորությունների պատուհան» բանակցային լուծման համար, որտեղ «յուրաքանչյուրը պետք է խաղա իր դերը»՝ հավելելով, որ այժմ Զելենսկիի խնդիրն է քննարկել տարածքային և ինքնիշխանության հարցերը։ «Միջազգային հանրությունը եվրոպացիների հատուկ դերակատարմամբ պետք է քննարկի անվտանգության երաշխիքները և ավելի լայն՝ անվտանգության շրջանակը ամբողջ տարածաշրջանի համար: Այստեղ մենք դերակատարում ունենք»,- նշել է Ֆրանսիայի նախագահը։ Բացի այդ, Մակրոնը Թրամփի վերադարձը որակել է որպես «էլեկտրաշոկ», որը պետք է ստիպի Եվրոպային ապահովել իր, ինչպես նաև Ուկրաինայի ապագան։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
Մակրոնը Թրամփի վերադարձը Սպիտակ տուն «էլեկտրшշոկ» է անվանել և նախազգուշացրել Ուկրաինայում «կապիտուլյացիային» հավասար հնարավոր խшղաղության ծրագրի մասին
