Սիրելի բարեկամներ, ՄԵծ Պահքի սկսվելու մնաց 10 օր, և պետք է նախապատրաստվել։ Ահա 9 կարևոր ու գործնական կետեր գալիք Մեծ Պահքին նախապատրաստվելու համար։
1․ Հիշեք, որ այս Կիրակի Պատարագը շատերի համար լինելու վերջին հնարավորությունը երբ մենք կարող ենք Սբ․ Հաղորդություն ստանալ Մեծ Պահքից առաջ, քանի որ արդեն հաջորդ Կիրակի՝ Բուն Բարեկենդանին Պատարագը մատուցվում է փագ վարագույրով և Մեծ Պահքի ժամանակ Սբ․ Հաղորդություն չի տրվում։
2․ Հիշեք, որ Մեծ Պահքի օրերին ձեր աշխարհիկ ընկերները հավանաբար ձեզ այս ու այն կողմ են հրավիրելու՝ քեֆ ուրախության։ Հիմիկվանից որոշեք ու տրամադրվեք թէ որին պիտի մասնակցեք, որին ոչ և թէ ինչպես էք մասնակցելու։ Լավ է տրամադրվել ու նախապատրաստվել, քան վերջին վայրկյանին չիմանալ ինչ անել։
3․ Տեղեկացրեք ձեր ընտանիքին որ Պահք էք պահելու, որ րոպեն մեկ չգան ասեն «մսով լավ ճաշ եմ սարքել, չես ուտի՞։» Եթե իրենք ձեզ միանան, լավ, եթե ոչ, մի վիճեք իրենց հետ։
4․ Եթե առաջին անգամ էք պահում, նախապես պատրաստեք ձեր մոտավոր մենյուն (ոչ-կենդանական ծագում ունեցող ուտելիքներ), որպեսզի վերջին պահին չմտահոգվեք թէ «բան չկա ուտելու» այլ կենտրոնանաք աղոթքի ու Աստծուն մոտենալու գործի վրա։
5․ Հիշեք որ Պահքի ժամանակ փորձություններն ավելանում են, ու չարը հիմնականում օգտագործում է ձեր մտերիմներին ու տնեցիներին։ Դուք էլ գրգռված էք եթե առաջին անգամ էք պահում, քանի որ սահմանափակումների մեջ էք։ Իմացեք ու համբերատար եղեք, իրենց հետ վեճեր մի արեք։ Փորձություն է, որ բոլորս էլ անցնում ենք։ Խնդրում եմ համբերեք, որ պտղաբեր լինի ձեր Պահքը և օգտակար։ Պահքի հենց գլխավոր նպատակներից մեկը սեփական անձին տիրապետել սովորելն է։
6․ Եթե հնարավոր է՝ ապա նախապես պայմանավորվեք ձեր քահանայի հետ ու կարող էք խոստովանել, և գնացեք խոստովանության։ Առանց խոստովանության չկա ապաշխարություն։ Բայց գնացեք այնպիսի քահանայի մոտ ում առաջ կարող էք ձեր սիրտը բացել և ում մեջ տեսնում էք Քրիստոսին նվիրում։
7․ Եթե մեկի դեմ մի բան ունեք, կամ գիտեք որ մեկը ձեզանից նեղացած է, ներեք, զանգեք, խոսեք, ինչքան հնարավոր է հաշտվեք։ Մաքուր սրտով ու հանգիստ խղճով մտեք Մեծ Պահքի մեջ, որպեսզի ընդունելի լին Տիրոջից։
8․ Սկսեք այսօրվանից ամեն օր կարդալ Աստվածաշունչը։ Հատկապես գոնե նախքան Մեծ Պահքը կարդացեք 4 Ավետարանները, որպեսզի իմանաք թէ ուր էք գնում ձեր կյանքում։ Տրամադրվեք մասնակցելու բոլոր Պատարագներին և երբեմն էլ ժամերգություններին երբ կարող էք։
9․ (ՍԱ ԱՌԱՋԻՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՐ) — Ավելի հաճախ աղոթեք։ Տրամադրվեք թէ Մեծ Պահքի օրերին թէ որ ժամերին են լինելու ձեր աղոթքները։ Մարդ կա օրեկան մի անգամ էլ չի աղոթում, մարդ կա օրեկան 3 անգամ է աղոթում, մարդ կա 5 անգամ, մարդ էլ կա օրը 7 անգամ։ Աղոթքը Աստծուն մոտենալու միջոցն է։
—
Սիրելի հայ մարդիկ։ Այս ցանկն ամբողջական չէ։ Խոսեք նաև ձեր քահանայի հետ, թէ էլ ինչպես նախապատրաստվեք Մեծ Պահքին։ Եվ եթե այս կետերն օգտակար եղան ձեզ համար, խնդրում եմ, կիսեք ձեր էջերին և պատմեք ձեր տնեցիներին, որպեսզի ավելի շատ հայ մարդիկ իմանան այս բաների համար։ Եկեք օգտագործեն գալիք Մեծ Պահքը, որ սկսվում է Մարտի 3-ին, ավելի մոտենալու մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին և զղջումով ու Նրա շնորհով մեղքերից մաքրվելու։ Այնքան հաճելի ու գեղեցիկ է կյանքն առանց մեղքի ու Քրիստոսի մեջ։
9 կարևոր ու գործնական կետեր գալիք Մեծ Պահքին նախապատրաստվելու համար
