Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան երթևեկում է ռուսական կեղծ համարանիշներով։
Տեղում իրավապահները նշված «Մերսեդես»-ը վերցել են հսկողության տակ, և արդեն Սայաթ-Նովա պողոտայից դեպի Չարենցի փողոց ընթանալիս պարեկները նկատել են «Մերսեդես»-ը և հրահանգել, որ այն կանգնի։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը կանգնել է, ապա դուրս եկել ավտոմեքենայից և դիմել փախուստի, սակայն հետպնդումից հետո նրան բռնել են:
Փախուստի ընթացքում նա ինչ-որ բան է նետել, ինչը պարեկների աչքից չի վրիպել այն դեպքում, երբ փողոցում բացակայել է արտաքին լուսավորությունը։
Պարզվել է, որ այդ իրը «Մակարով» տեսակի ատրճանակ է եղել՝ իր պատյանով, իսկ «Մերսեդես» մեքենայի համարանիշներն էլ կեղծ են:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կայքի տեղեկություններով՝ բերման ենթարկվածը Կոտայքի մարզի բնակիչ 45-ամյա Գ․ Այվազյանն է, որը ոստիկանության Մարաշի բաժանմունքից ներկայացվել է քննչական բաժին։
