Այստեղ ո՛չ ձեր կանչերից վախեցող կա, ո՛չ ձեր արյունռուշտ կոչերից, ո՛չ էլ ձեզանից. Ալեքսանյանը՝ Մամիջանյանին

«Երեկ ԱԺ «ՊՈՒ» խմբակցության ղեկավարը հայտնել է, որ չի բացառում, որ Երևանում արյամբ իշխանություն է փոխվելու: Հերթական անգամ ընդդիմությունը, համադրելով կամ համատեղելով իր ջանքերը, իր արյունռուշտ կոչերը այն փաստի հետ, որ կա որոշակի լարվածություն սահմաններին, կան ադրբեջանական զորքերի կուտակումներ սահմաններին, անում է նմանատիպ հայտարարություններ»:

Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Վերջինս, դիմելով «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ընդդիմադիր պատգամավոր Հայկ Մամիջանյանին, ասաց. «Պարոն Մամիջանյան, հետո էլ այստեղից հայտարարեցիք, որ երբ կանչը հնչի, կգա գործելու ժամանակը: Ես կխնդրեմ այդքան պաթոսով չարտահայտվել և «Վայբեր»-ի նամակները կանչ չանվանել, որովհետև բոլորս էլ գիտենք, թե այդ ձեր կանչ կոչվածը ինչի հետ եք, և ես վստահ եմ, որ մեր հայրենակիցների բացարձակ մեծամասնությունն անգամ գիտի, թե աշխարհագրական որ կետից եք այդ կանչերը ստանում»:

Ալեքսանյանը Մամիջանյանին հորդորեց այդ կանչերն ու նամակները պահել միայն սեփական ընթերցանության համար:

«Այստեղ ո՛չ ձեր կանչերից վախեցող կա, ո՛չ ձեր արյունռուշտ կոչերից վախեցող կա, ո՛չ էլ, առհասարակ, ձեզանից վախեցող կա: Եթե ձեզ թվում է, որ ձեր քաղաքական ուժի նախագահին հաջողվել է մարտի 1-ին արյուն թափելով իշխանության գալ, ու դա ձեզ երբևէ հաջողվելու է երկրորդ անգամ, ապա ձեզ մեծ, շա՜տ մեծ հիասթափություն է սպասվում: Այս ելույթը կարող եք թարգմանել ու «Վայբեր»-ով հետ ուղարկել»,- ասաց Ալեքսանյանը:

Կիսվել սոց․ ցանցերում