Արագածի գագաթին ձնահյուսի հետևանքով կորած ալպինիստի որոնումները շարունակվում են

ՆԳՆ փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ ժամը 06։00-ի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքները մեկնարկել են։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ օպերատիվ խումբ։

Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել են 29 փրկարարական ծառայող, Արագածի ՀԷԿ-ի մեկ աշխատակից և Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայից 4 ալպինիստ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ մարտի 11-ին՝ ժամը 15:26-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած լեռան հյուսիսային գագաթին տեղի է ունեցել ձնահյուս․ 9 անձից բաղկացած արշավախումբը մնացել է ձնահյուսի տակ, 8-ը դուրս են բերվել, իսկ 1-ն անհետ կորել է:

Նախնական տվյալներով 8 լեռնագնացներ (Իսպանիայի Թագավորության քաղաքացիներ) փրկարարների օգնությամբ ուղղաթիռով տեղափոխվել են Արագած գյուղ, այնուհետև վերջիններս տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ․ մեկ քաղաքացի շարունակում է մնալ անհետ կորած։

ՀՀ առողջապահության նախարարության տեղեկացմամբ, ձնահյուսի հետևանքով տուժել է 8 անձ: Հանրապետական շտապօգնության ծառայության աշխատախմբերի ուղեկցությամբ տուժածները հոսպիտալացվել են:

Կիսվել սոց․ ցանցերում