Հոգեկան խնդիրներ ունեցողներին «նշանակում են» զբոսանքներ թանգարաններում և պատկերասրահներում

Շվեյցարիայի Նյոշատել քաղաքում բժիշկները հոգեկան առողջության խնդիրներ կամ քրոնիկ հիվանդություններ ունեցող հիվանդներին «նշանակում» են զբոսանքներ հանրային այգիներում, թանգարաններում և արվեստի պատկերասրահներում: Նպատակն է օգնել բնակիչներին հաղթահարել առօրյա դժվարությունները և խրախուսել ֆիզիկական ակտիվությունը, գրում է Reuters-ը։

Այս գաղափարն առաջացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2019 թվականի ուսումնասիրությանը ծանոթանալուց հետո: Այն վերլուծել է արվեստի դերը առողջության խթանման և հիվանդությունների հաղթահարման գործում:

Նյոշատելի մշակույթի դեպարտամենտի ղեկավար Ժյուլի Կուրսիե Դելաֆոնտենը նշել է, որ COVID-19 համավարակի ժամանակ թանգարանների փակումը բացասաբար է ազդել մարդկանց հոգեկան վիճակի վրա. «Դա մեզ համար ազդանշան էր: Համոզված ենք, որ մշակույթը կարևոր է մարդկության բարօրության համար»:

Նշվում է, որ փորձնական ծրագիրը կիրականացվի մեկ տարի, և եթե արդյունքները դրական լինեն, այն կընդլայնվի՝ ներառելով թատրոն այցելություններ: Դելաֆոնտենն ավելացրել է. «Ցանկանում ենք, որ այս նախագիծը հաջողվի, և առողջության ապահովագրությունը մշակույթը ճանաչի որպես թերապիայի մեթոդ»: 

Կիսվել սոց․ ցանցերում