«Նկարահանումները դաժան պայմաններում են անցել». Մկրտիչ Արզումանյանի Դпն Կիխոտը մեծ էկրաններին է

Զվարճալի ու հուզիչ դրվագներով «Մի անգամ դպրոցում 2․ Վերջին պահապանը» ընտանեկան ֆիլմն արդեն մեծ էկրաններին է:

Երեկ երեկոյան՝ «Կինոմոսկվա»-ում, ստեղծագործական թիմի ու դերասանական կազմի մասնակցությամբ կայացավ ֆիլմի պրեմիերան:

Գլխավոր հերոսնեին մարմնավորում են Մկրտիչ Արզումանյանը, Վահագն Գալստյանը, Սամսոն Ստեփանյանը, Անահիտ Մանուկյանը, Նիկոլ Ղուկասյանը, Արա Սարգսյանը։ Ֆիլմի ռեժիսորը Հարություն Խալաֆյանն է, սցենարի հեղինակը՝ Նարեկ Ավագյանը։

Tert.am Life-ը ներկա է եղել ֆիլմի պրեմիերային, կարմիր գորգի արարողությանն ու առանձնացրել երեկոյի հետաքրքիր դրվագները:

«Ֆիլմի առաջին մասը բոլորս շատ էինք սիրել և անհամբեր սպասում էինք, թե երբ կկարողանանք իրականացնել նաև 2-րդը»,- ֆիլմի պրեմիերայից առաջ Tert.am Life-ի հետ զրույցում ասաց դերասան Մկրտիչ Արզումանյանն, ով ֆիլմում մարմնավորում է Դոնի Կիխոտին:

«Կերպարս շատ եմ սիրում: Դոն Կիխոտն ինձ համար որպես կերպար միշտ հետաքրքիր է եղել: Խորը և դրամատիկ կերպար է, սակայն այս նախագծում որոշեցինք մի փոքր այլ մոտեցում ցուցաբերել կերպարին:

Կարծում եմ, որ շատ ճկուն կերպար է ստացվել: Մեծ սպասումներ ունեմ, որ հանդիսատեսին դուր կգա և ֆիլմը երկար կյանք կունենա»,- նշեց դերասանը: Նրա խոսքով՝ ֆիլմը կարևոր ասելիք ունի, այն բազմաթիվ արժեքների մասին է, որոնցից մեկն է սերը դեպի գրքեր:

Ֆիլմի սցենարի հեղինակ Նարեկ Ավագյանն էլ ընդգծեց՝ ֆիլմի հիմնական ուղերձը չհանձնվելն է:

«Մեր խնդիրները մենք պետք է լուծենք, ոչ ոքի վրա հույս դնել չի կարելի:

Շատ կարևոր ֆիլմ է, այն գործերից է, որ խիղճդ հանգիստ է արածդ գործի համար:  Ֆիլմում կա և՛ ծիծաղ, և՛ հուզմունք: Ընտանեկան ֆիլմ է, որի ընթացքում ո՛չ երեխան կձանձրանա, ո՛չ ծնողը»,- մեզ հետ զրույցում նշեց սցենարիստը:

Ֆիլմի 2-րդ մասում նոր ու հետաքրքիր զարգացումներ են սպասվում:

Դպրոցի գրադարանավար Վաչիկն ինչ-որ հրաշքով անհետանում է, ու նրա փոխարեն մեր աշխարհում է հայտնվում Դոն Կիխոտը։ Այդ ամենի միակ ականատեսը տասներկուամյա Հայկն է, ով այժմ պետք է բացահայտի այդ տեղափոխության գաղտնիքը, հասկանա, թե ինչ առեղծվածային գիրք է հանձնել իրեն Վաչիկն անհետանալուց առաջ ու, թե ինչու է դպրոցի նորանշանակ տնօրեն Կոգովյանն ամեն գնով փորձում գտնել Վաչիկին ու նրա առեղծվածային գիրքը։

Մկրտիչ Արզումանյանի խոսքով՝ նկարահանումներն անցել են բավական դաժան պայմաններում:

«Ինչպես միշտ ես ամռան ամենաշոգ օրերին եմ նկարահանվում՝ գրիմով ու տաք հագուստով: Բարդ է, բայց, երբ նկարահանման հրապարակում քեզ լավ ես զգում, քո կողմից հարստացնում ես արդեն իսկ հետաքրքիր գրված սցենարը, այդ ամենը ոգևորում է և դժվարությունները 2-րդ պլան են մղվում»,- պատմեց դերասանը:

Ֆիլմը նկարահանվել է Հայաստանի կինոյի հիմնադրամի աջակցությամբ։ Ֆիլմի 2-րդ մասը ևս կրթական, դաստիարակչական, մարդկային արժեքների մասին կինոնկար է՝ էլ ավելի մեծ մասշտաբի ու որակի։

Նշենք նաև, որ ֆիլմի ստեղծողները արդեն երկրորդ անգամ իրականացնում են համահայաստանյան «Իսկական հերոսը» շարադրությունների մրցույթը։ Այն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ «Իսկական հերոսը» մրցույթի մասնակից դպրոցականները գրելու են այն մասին, թե ով է իրենց համար իսկական հերոսը։ Մրցույթի հաղթողները կկարողանան իրենց ամբողջ դպրոցով կինոթատրոնում անվճար դիտել ֆիլմը՝ ինչպես նախորդ մրցույթի դեպքում՝ դառնալով իրենց դպրոցի իսկական հերոսը սեփական գրչի շնորհիվ։

Կիսվել սոց․ ցանցերում