Այն, ինչ կատարվում է Շիրակի Պետական համալսարանում, առաջին հայացքից յուրաքանչյուր բուհի կանոնակարգին, կենսագործունեությանը բնորոշ գործընթաց է։ Բայց, Գյումրիիում տիրող իրավիճակը՝ ՏԻՄ արտահերթ ընտրությունների սպասումից գերլարված, ստիպում է վերլուծություն անել եւ ընդհանուր կապ գտնել ՇՊՀ-ում այս օրերին կատարվող գործընթացների միջև։ ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի որոշմամբ մեկնարկել է ամբիոնների վարիչների նոր ընտրական գործընթացը։ Ուշագրավ է, որ ամբիոնների վարիչների ընտրությունը համընկնել է համայնքապետի ընտրության քարոզարշավի օրերի հետ։ Hraparak.am-ի ունեցած տեղեկություններով՝ ՇՊՀ ռեկտոր, իշխանության կողմնակից Երվանդ Սերոբյանին հանձնարարված է մի իսկական զտում անել եւ ամբիոնի վարիչներ նշանակել նրանց, ովքեր իշխանամետ են, իսկ նրանք, որոնք աչքի են ընկնում իշխանության նկատմամբ ըմբոստ պահվածքով, չներառել գիտխորհուրդի կազմում։
Ուշագրավ է նաև, որ մարտի 18-ին Շիրակի պետական համալսարանում կայացել է Հոգաբարձուների խորհրդի 2025թ․ անդրանիկ նիստը, որի ընթացքում էլ ՇՊՀ ՀԽ նախագահ Լևոն Բարսեղյանը և ռեկտոր Երվանդ Սերոբյանը խոսել են առաջիկայում համալսարանին առնչվող գործընթացներից, ինչպես նաև ամբիոնի վարիչների նոր ընտրություններից:
Հիշեցնենք, որ ՇՊՀ ՀԽ նախագահ Լևոն Բարսեղյանը Գյումրու ՏԻՄ ընտրություններում առաջադրված է նաև որպես քաղաքապետի թեկնածու, նրան առաջադրել են եվրամետները՝ ստեղծելով Եվրադաշինք քաղաքական ուժը։
Բուհում ընթացող պրոցեսները օրինաչափ են համարում բուհի որոշ դասախոսներ՝ ընդգծելով, որ ամբիոնի վարիչի պաշտոնում ընտրվում են մինչև 5 տարի ժամկետով, որը շատերի դեպքում արդեն լրացել է։
Hraparak.am-ի տեղեկություններով՝ հոգաբարձուների խորհրդի նիստի օրը ՇՊՀ-ում ամբիոնի վարիչներից մեկի ընտրություն է տեղի ունեցել։
ՇՊՀ տնտեսագիտության ամբիոնի վարիչ Արթուր Մկրտչյանը վերընտրվել է այդ պաշտոնին։ Այս փաստը բավականին ուշագրավ է։ Մոտ երկու տարի առաջ Շիրակի պետական համալսարանի տնտեսագիտական ամբիոնի վարիչ Արթուր Մկրտչյանին հակակոռուպցիոնը ձերբակալեց՝ մի շարք ուսանողների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար նրանցից, որպես կաշառք, ստացել է տարբեր չափերի գումարներ:
3 օր անց ազատ արձակվեց, իսկ դատական գործընթացը միայն վերջերս է մոտեցել ավարտին, վճիռը կհրապարակվի օրերս: Նշենք, որ Արթուր Մկրտչյանը ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունի և մշտապես կոշտ քննադատում է Նիկոլ Փաշինյանի իշխանության վարած քաղաքականությունը։ Գյումրիում գրեթե բոլորն են վստահ, որ Մկրտչյանին քաղաքական հետապնդման ենթարկեցին, նրա դեմ հարուցած գործը շինծու է: ՇՊՀ տնտեսագիտության ամբիոնի վարիչ Արթուր Մկրտչյանն իր գործի հետ կապված մեզ դեռևս որևէ մեկնաբանություն չտվեց՝ խնդրելով սպասել դատավճռի հրապարակմանը, իսկ ամբիոնի վարիչի պաշտոնում վերընտրվելը հաստատեց: Չնայած Մկրտչյանի ընդդիմադիր քաղաքական հայացքներին, մեր տեղեկություններով՝ դասախոսները նրան ընտրել են միաձայն՝ համարելով, որ միակ ու արժանի թեկնածուն նա է: Բուհի իշխանամետ ռեկտորին չի հաջողվել ազդել նրանց ընտրության վրա:
Նշենք, որ ամբիոնի վարիչ ընտրվում են բաց մրցույթի հիման վրա՝ փակ, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով:
Ամբիոնի վարիչի պաշտոնի համար մեկից ավելի դիմումների առկայության դեպքում ուսումնական մասը գործերի քննարկման արդյունքով կարող է հիմնավորված առաջնություն տալ հավակնորդներից մեկին, որից հետո գործերը ներկայացնել մրցութային մշտական հանձնաժողով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/7f8a17e5be78c88df728a75e8e2faa2e?fbclid=IwY2xjawJI9dFleHRuA2FlbQIxMQABHapspjlVvjhvHu04M2ZOrGgZBiRyygW5yaFOsSTO8lcBPAsQ9Ucbfk3ziw_aem_a224edrC-fuCfZLbysviNQ
