Վիզաների ազատականացման երկխոսությունը կապ չունի Եվրամիության անդամակցության գործընթացի հետ․ Եղոյան

Վիզաների ազատականացման երկխոսությունը որևէ կապ չունի Եվրամիության անդամակցության գործընթացի, Ասոցացման համաձայնագրի հետ:

Այս մասին խորհրդարանում «ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ ֆիմելով ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանին

Վերջինս կարևորեց, որ պետք չէ ժողովրդին մոլորեցնել:

«Վիզաների ազատականացման երկխոսությունը առանձին պրոցես է, որը ԵՄ-ն սկսում կամ չի սկսում որևէ երրորդ երկրի հետ: Ունեն Իսրայելի, ԱՄԷ-ի, հարավամերիկյան որոշ երկրների հետ: Դա առանձին գործընթաց է: Այդ երկրները ԵՄ անդամ չեն էլ լինելու, որովհետև ըստ հիմնադիր փաստաթղթերի, միայն եվրոպական երկիրը կարող է լինել ԵՄ անդամ: Սա իր հերթին:

Վիզաների ազատականացման երկխոսության ամենակարևոր փուլը, այն է՝ մեկնարկը, արդեն իսկ եղել է: Իրենց մոտ կա դիսկուրս ներքին միգրացիայի հետ կապված, որը հիմա ամենասուր փուլում է գտնվում: Միգրացիայի դիսկուրսի ամենասուր փուլում՝ անցած տարվա հուլիսին, նման երկխոսության մեկնարկին հավանություն տալը դա բարձրագույն քաղաքական մակարդակում կայացված որոշում էր ԵՄ-ի խոշոր երկրներում:

Սա ո՞նց կարելի է չգնահատել: Պարզ է, չէ՞, որ սա տեղի է ունեցել բարձրագույն քաղաքական մակարդակում տեղի ունեցած քաղաքական երկխոսության արդյունքում: Մնացածը տեխնիկական դաշտում է: Մի որոշում էլ վերջում է պետք լինելու, բայց ամենակարևոր որոշումը մեկնարկը տալն էր, որովհետև դրանից հետո վաղ թե ուշ այդ երկխոսությունը հասնելու է տրամաբանական ավարտին, և վիզաների ազատականացումը տեղի է ունենալու»,- հայտարարեց պատգամավորը:

 

 

Կիսվել սոց․ ցանցերում