Ներքին գործերի նախարարությունը շրջանառել է օրենսդրական նախագիծ, որով առաջարկվում է խստացնել տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողության համար նախատեսված պատիժը։ Նախագիծը հաստատվել է ՀՀ կառավարության՝ մարտի 27-ի նիստում։
Նախարարությունն առաջարկում է այդ հանցատեսակը դիտարկել որպես միջին ծանրության հանցանք՝ ներկայիս՝ ոչ մեծ ծանրության հանցանքի փոխարեն։ Ըստ նախագծի՝ այս փոփոխությունը կծառայի որպես զսպող մեխանիզմ՝ այս տեսակի հանցագործությունների աճը կանխելու համար։
ՆԳՆ-ի տվյալներով՝ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում վերջին շրջանում աճել են ավտոմեքենաներից մասերի և սարքավորումների գողության դեպքերը։ Գերատեսչությունը դա պայմանավորում է տրանսպորտային միջոցների թվի ավելացմամբ և այն հանգամանքով, որ նման գողությունները դյուրին են, իսկ պատիժը՝ համեմատաբար մեղմ։
Ներկայումս նման հանցագործությունների համար կիրառվում են պատժատեսակներ՝ տուգանքից մինչև ազատազրկում։ Սակայն, ըստ նախարարության, պատժի մեղմ լինելու պայմաններում գրանցվել են դեպքեր, երբ մեղադրյալի կարգավիճակում գտնվող անձը, լինելով ազատության մեջ, շարունակում է կատարել նույնատիպ գողություններ։
«Լինում են դեպքեր, երբ հանցանք կատարած անձը, ունենալով մեղադրյալի կարգավիճակ և գտնվելով ազատության մեջ, շարունակում է դրսևորել հակաիրավական վարքագիծ, կատարում է նոր գողություններ տրանսպորտային միջոցներից»,- ասված է նախագծում։
Նախագծի ընդունումը, ըստ ՆԳՆ-ի, հնարավորություն կտա նաև դատարաններին ավելի հաճախ կիրառել կալանավորումը՝ որպես խափանման միջոց, հատկապես, երբ առկա է նոր հանցագործություններ կատարելու ռիսկ։
