Իմ որոշումը շատ պարզ է․ Թրամփը պարզաբանել է Ռпւսաստանի դեմ «դժпխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հետաձգել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» սահմանումը, որպեսզի նրան պահի Ուկրաինայի դեմ պատերազմի շուրջ բանակցությունների սեղանի շուրջը, ինչպես նաև արգելի օգնել Իրանին:

Այս մասին ԱՄՆ նախագահը գրել է Truth Social սոցցանցում։

«Ռուսաստանի վերաբերյալ իմ որոշումը շատ պարզ է։ Այժմ ես խաղաղ բանակցություններ եմ վարում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի շուրջ և չեմ ցանկանում որևէ քայլ ձեռնարկել, որը հիմարության պատճառով կարող է Ռուսաստանին հեռացնել բանակցությունների սեղանից։

Այս փաստաթղթի ստորագրումն այս պահին կհանգեցներ հենց այդ անցանկալի արդյունքին։ Ես կարող եմ այն ստորագրել ավելի ուշ՝ ցանկացած պահի, երբ անհրաժեշտ համարեմ։ Թերևս ավելի կարևոր է այն, որ Ռուսաստանը գործնականում գրեթե ոչ մի օգնություն չի ցուցաբերում Իրանին, համենայն դեպս՝ համեմատած այն օգնության հետ, որը կարող էր ցուցաբերել։ Ես ցանկանում եմ, որ այդպես շարունակվի նաև հետագայում, և այդպես էլ կլինի, եթե հիմար մարդիկ չխանգարեն դրան»,- գրել է Թրամփը։

Թրամփը նաև հայտարարել է, որ ցանկանում է վերջ դնել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին, մինչդեռ Զելենսկին, նրա պնդմամբ, ամենևին էլ չի ձգտում ավարտել այդ պատերազմը և, հավանաբար, երբեք էլ չի ձգտել։

«Երկու տարի առաջ նա կարող էր շատ ավելի շահավետ գործարք կնքել, քան այժմ։ Նրա երկիրն ավերակների մեջ է, տարածքների զգալի մասը կորցվել է, այլևս ելք չկա դեպի ծովեր և օվկիանոսներ, իսկ տղամարդ բնակչության թիվը նվազել է․ շատերը վիրավորվել են կամ զոհվել»,- պնդել է ԱՄՆ նախագահը։

Սենատոր Լինդսի Գրեհեմի օրինագիծը նախատեսում է լրացուցիչ՝ 500% մաքսատուրքերի սահմանում ռուսական ապրանքների և 100% մաքսատուրքերի սահմանում այն երկրների արտադրանքի նկատմամբ, որոնք Ռուսաստանի նավթի և գազի հիմնական գնորդների հնգյակում են, ինչպես նաև առավել ակտիվորեն օգնում են Մոսկվային շրջանցել պատժամիջոցները։ Օրենքը Թրամփին պարտավորեցնում էր սահմանափակող միջոցներ կիրառել մինչև հոկտեմբերի 18-ը, սակայն, միաժամանակ, նրան թույլ էր տալիս կասեցնել այդ գործընթացը, եթե դա բխում էր ԱՄՆ-ի ազգային շահերից։ Հենց այդպես էլ նա վարվել է հոկտեմբերի 17-ին։

Կիսվել սոց․ ցանցերում