Ֆրանսիայում անկարգությունների հետևանքով ձերբակալվել է շուրջ 2400 մարդ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է հայտնաբերել և պատժել այն անձանց, որոնք շաբաթ օրը երկրով մեկ տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցերի ընթացքում հրկիզումներ, թալան և բռնություններ են իրականացրել։ Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է տարբերակել ցուցարարների հիմնական մասի օրինական պահանջները նրանց գործողություններից, ովքեր ավերել, ջարդել և թալանել են։

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության՝ կիրակի երեկոյան հրապարակած տվյալների համաձայն՝ անկարգությունների վերածված ցույցերի ընթացքում ձերբակալվել է 2397 մարդ։ Ոստիկանության և ժանդարմերիայի 997 աշխատակից վիրավորվել է, որոնցից յոթի վիճակը ծանր է։

Երկրին ուղղված իր ուղերձում Մակրոնը դատապարտել է բռնությունները։

«Տեսնելով այն, ինչ տեղի էր ունենում, մենք ինքներս մեզ հարցնում ենք՝ ի՞նչ էր անցնում այդ մարդկանց մտքով։ Ինչպե՞ս կարող են ֆրանսիացիներն այսպես վարվել Ֆրանսիայի հետ։ Ոչինչ չի կարող դա արդարացնել, բացատրել կամ ներել։ Այսօր երեկոյան բոլորս զայրույթ և ամոթ ենք զգում»,- հայտարարել է նախագահը։

Մակրոնը հայտնել է, որ իշխանությունները կուժեղացնեն անվտանգության միջոցառումները, իսկ ոստիկանության գործողությունների ընթացքում ձեռք բերված փորձը հաշվի կառնվի հետագա աշխատանքում։

Միևնույն ժամանակ Մակրոնը զերծ է մնացել առավել կոշտ միջոցներ կիրառելուց, այդ թվում՝ արտակարգ դրություն կամ պարետային ժամ սահմանելուց։

Բողոքի շարժումը սկզբում ձևավորվել էր Ֆրանսիայի ամբողջ տարածքում երկու շաբաթ շարունակ անցկացվող ցույցերի շրջանակում, որոնց մասնակիցները պահանջում էին բարելավել աշակերտների և ուսուցիչների պայմանները։ Վերջին օրերին նրանց միացել էին նաև կյանքի թանկացման և պետական ծառայությունների անբավարար որակի դեմ դժգոհ քաղաքացիները։

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության հաշվարկներով՝ շաբաթ օրը ցույցերին մասնակցել է շուրջ 550 հազար մարդ։

Անկարգություններն ընդգրկել են երկրի բազմաթիվ շրջաններ։ Հրկիզումների և թալանի դեպքեր են գրանցվել տասնյակ քաղաքներում՝ հյուսիսում գտնվող Լիլից մինչև հարավային Մարսել, արևելքում գտնվող Ստրասբուրգից մինչև երկրի հարավ-արևմուտքում գտնվող Բորդո։

Կիսվել սոց․ ցանցերում