Երևանում անցկացվել է հրդեհաշիջման հատուկ ուսումնավարժանք

Մարտի 25-ին ՆԳՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումների կողմից Երևանի հյուրանոցներից մեկում կազմակերպվել և անցկացվել է «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժանք: Հատուկ տակտիկական ուսումնավարժանքի նպատակն էր՝ Ուսուցանել աշխատակազմին հրդեհի բռնկման դեպքում վարվելակերպի կանոնները, ծանոթացնել հրդեհաշիջման առաջնային միջոցների կիրառմանը, բարձրացնել մասնակիցների պատրաստվածությունը և զարգացնել գործնական հմտությունները: Վարժանքի ընթացքում փրկարարական ծառայողների կողմից անձնակազմին ներկայացվել են հրդեհաշիջման առաջնային միջոցների կիրառման առանձնահատկությունները, և մասնակիցները հնարավորություն են ունեցել փորձարկել այդ միջոցները: Միևնույն ժամանակ իրականացվել է անձնակազմի տարհանում, այդ թվում՝ բարձր հարկերից ավտոսանդուղքի միջոցով, ինչպես նաև պայմանական հրդեհաշիջման աշխատանքներ և տուժածների դուրսբերում։ Ուսումնավարժանքին մասնակցել են նաև հյուրանոցի շուրջ 150 աշխատակից և այցելու։ Կարևորելով նմանատիպ միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը և նպատակ ունենալով բարելավել աշխատակիցների գիտելիքները, արտակարգ իրավիճակներում գործելու հմտություններն ու կարողությունները` Երևան քաղաքի փրկարարական վարչության կողմից նմանօրինակ միջոցառումները կրելու են շարունակական բնույթ:

Կիսվել սոց․ ցանցերում